Մատչելիության հղումներ

Այսօրվանից մեկնարկում են հայ-ամերիկյան զորավարժությունները


Այսօրվանից Հայաստանում մեկնարկում են հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

Մոսկվայի խիստ դժգոհությունը հարուցած վարժանքները խաղաղապահ բնույթի են․ հայ և ամերիկացի զինվորականները կատարելագործելու են միջազգային խաղաղապահ առաքելություններում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողությունները։

Ամերիկյան կողմից վարժանքներում ընդգրկված է 85, իսկ Հայաստանը ներկայացնում է 175 զինվորական։ Ծանր զինտեխնիկա չի կիրառվելու, միայն հրաձգային զինատեսակներ։ Եվ չնայած ամերիկյան կողմը հիշեցնում է, որ համատեղ զորավարժություններ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում Երևանն ու Վաշինգտոնն անցկացրել են սկսած դեռ 20 տարի առաջվանից՝ Ռուսաստանի իշխանություններն ամենատարբեր մակարդակներով քննադատում են Հայաստանի այս որոշումը։

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ասում էր, թե որևէ լավ բան չի տեսնում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս։

«Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Որտեղ էլ հայտնվել են ամերիկացիները, գիտեք՝ նրանք հարյուրավոր բազաներ ունեն աշխարհով մեկ, դա լավ բանի չի հանգեցրել։ Այս որոշումը հատկապես տարօրինակ է այն դեպքում, որ երկու տարի է՝ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի վարժանքներին՝ բացատրելով դա, որ եթե դաշինքը դատապարտի Ադրբեջանին, նոր միայն Հայաստանը կաշխատի ՀԱՊԿ-ում: Սակայն, երբ հարցնում ենք՝ այդ դեպքում ինչո՞ւ եք շփվում ամերիկացիների և եվրոպացիների հետ, որոնք Ադրբեջանին չեն դատապարտում, Երևանը պատասխանում է, որ նրանք չեն իրենց դաշնակիցը, այլ ՀԱՊԿ-ը, ուրեմն մենք պիտի դատապարտենք: Այսպիսի տարօրինակ և պարզունակ տրամաբանություն», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Զորավարժությունների մեկնարկին «Ֆրանսպրես» գործակալությունը հարցումներ է արել Երևանում, հայաստանցիներն արևմտյան լրատվամիջոցի հետ զրույցում հիմնականում դժգոհել են Ռուսաստանից։

Պուտինի խոսնակը մինչդեռ այսօր շտապել է հավաստիացնել՝ Մոսկվան Երևանը որպես դաշնակից կորցնելու մտավախություն չունի, խնդիրներ, ըստ Պեսկովի, կարող են լինել, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսությամբ։ Միաժամանակ Պեսկովը տեղեկացրել է՝ Ռուսաստանը կփորձի հասկանալ՝ ինչու է Հայաստանը զորավարժությունների մասին որոշումներ կայացնում Միացյալ Նահանգների և ոչ թե ՀԱՊԿ- հետ։

Զորավարժությունների մասին դժգոհություն, ըստ Բաքվի, նաև Իրանից է հնչել։ Թեհրանի պաշտոնական աղբյուրները նման լուր չեն հաղորդել, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, որ Բաքու այցի ժամանակ Իրանի զինուժի բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ Մուհամեդ Ահադին մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը մերձենում է ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը՝ դառնալով Արևմուտքի հետախուզության կենտրոնն ու վտանգելով տարածաշրջանի կայունությունը։

Երևանը հայտարարել է, որ հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի սուվերեն որոշումն է։

XS
SM
MD
LG