Թեհրանն իր անթաքույց դժգոհությունն է հայտնում սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկած համատեղ հայ-ամերիկյան զորավարժությունների առթիվ։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այս մասին նշել է իր հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
«Անդրադառնալով Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին՝ Աբդոլահիանը նշել է, որ տարածաշրջանում օտար ուժերի ցանկացած ներկայություն կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը», - նշված է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական գերատեսչությունը նաև նշում է՝ նախարար Աբդոլահիանը Արարատ Միրզոյանին ասել է, որ հարատև խաղաղության հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ առկա տարաձայնությունների հիմնարար պատճառների վերացման վրա։
«Համապարփակ խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ձևը տարածաշրջանային բանակցություններն ու մեխանիզմներն են, այդ թվում՝ 3+3 ձևաչափը», - Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հետ զրույցում նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Ուշագրավ է, ի դեպ, որ Միրզոյան- Աբդոլահիան հեռախոսազրույցի մասին՝ Հայաստանի ԱԳՆ կողմից երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին որևէ հիշատակում չկա։
«Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ նախարար Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը:
Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը», - նշված է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։
Իրանի ղեկավարությունը հարավկովկասյան ուղղությամբ աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է ծավալել
Ընդհանրապես, նկատելի է, որ վերջին մեկ շաբաթում Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի հետ սահմանների երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումներին զուգահեռ, Իրանի ղեկավարությունը հարավկովկասյան ուղղությամբ աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է ծավալել։ Երկուշաբթի օրն, օրինակ, Իրանի կառավարության ամենշաբաթյա նիստից հետո, հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին խոսեց ԻԻՀ պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին, ըստ էության, բացառելով ռազմական գործողությունների մեկնարկը մոտ ապագայում։
«Իսլամական Հանրապետության մոտեցումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ շատ հստակ է։ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում օրերս կայացած խորհրդակցությունից հետո Իսլամական Հանրապետությունը հստակորեն ընդգծել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն չի հանդուրժի», - նշել է Աշտիանին՝ հավելելով, - «Կովկասում մոտ ապագայում որևէ լուրջ զարգացում չենք կանխատեսում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ «հայ-ադրբեջանական պատերազմ չի լինի»Աշտիանիի այս հայտարարությունից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի միջև, որի ընթացքում իրանցի գեներալը վստահեցրել է, որ իր երկիրը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորք չի կուտակում։
«Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը, թե Իրանն իբր կենդանի ուժ և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին, հիմնազուրկ է», - նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Իրանական զորքերի տեղաշարժը պատկերող տեսանյութերը սոցիալական ցանցերում հայտնվեցին շաբաթասկզբին։ Որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ Իրանի Զինված ուժերն իրենց ռազմական տեխնիկան տեղակայում են Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի սահմանին։ Երկուշաբթի երեկոյան, սակայն, իրանական պաշտոնական աղբյուրները, հաստատելով զորքերի տեղաշարժի փաստը, հայտարարեցին, թե դրանք ուղևորվում են ոչ թե Ադրբեջանի, այլ Իրաքի հետ սահման։ Բանն այն է, որ սեպտեմբերի 19-ին լրանում է այն վերջնաժամկետը, որ Թեհրանը ներկայացրել էր Իրաքի հյուսիսային շրջաններում գործող քրդական խմբավորումներին՝ պահանջելով նրանցից զինաթափվել և դադարեցնել Իրանի դեմ ուղղված նախահարձակ գործողություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում. Բաղերի