Պետք է միջավայր ստեղծել, որը թույլ կտա Փաշինյանին խաղաղություն բերել Հայաստանին․ եվրոպացի պաշտոնյա

Պետք է միջավայր ստեղծել, որը թույլ կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղություն բերել Հայաստանին, X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Սաջադ Քարիմը։

Նա գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան՝ բոլորն այս հարցում դերակատարում ունեն։

«Սակայն նաև Ադրբեջանի նախագահի դաշնակից և այլ բարեկամ երկրները կարող են օգնել այդ միջավայրը ստեղծելու հարցում, որպեսզի հայերը գլոբալ առումով տեսնեն խաղաղության օգուտներն իրենց ազգի համար»,- գրել է Քարիմը։

Ընդգծելով, որ Թուրքիան քննարկումների մաս է՝ եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ դերակատարում ունենալու ներուժ ունի նաև Պակիստանը՝ հիշատակելով նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին։

Գրառմանը կից պաշտոնյան հրապարակել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցը։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի վերջին, Կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց, որ Երևանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները՝ այլ մանրամասներ չհրապարակելով։

Այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

«Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար։

Երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր նաև տեղեկացրել, որ նախօրեին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։

Միրզոյանն ասաց՝ գործընթաց կա, քննարկում կա, առերես բանակցություններ այս ընթացքում հունիսից հետո չեն եղել, սակայն, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից։ Սակայն, մանրամասներ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չհրապարկեց։

Սա երկու երկրների արտգործնախարարությունների միջև փոխանակվող հնարավոր պայմանագրի խմբագրումների արդեն հինգերորդ տարբերակն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է»․ Միլլեր