Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և դրան հաջորդած 2021-ի հունվարի 11-ի հայտարարությամբ որևէ այդպիսի միջանցք նախատեսված չէ, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն, պատասխանելով News.am-ի հարցին, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումներին:
Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Ազերթաջ» գործակալության հետ զրույցում ասել է՝ «Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի մասնակցության»: «Ինչ-որ մի պահի սկսում է թվալ, թե մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, սակայն վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն նոր մոտեցումներով է հանդես գալիս, և գործընթացը կրկին հայտնվում է փակուղում։ Դա ոչ կառուցողական է, բացի այդ, հակասում է եռակողմ հայտարարության դրույթներին», - նշել է Բայրամովը։
«Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և 2020թ. եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր հավատարիմ է մնացել այդ հայտարարությամբ պայմանավորված այն մոտեցմանը, որ դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամով․«Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի»