Ռուսաստանը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ազդանշաններ չի տեսնում․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին վերջին օրերին ակտիվացած խոսակցությունները, պնդել է՝ Մոսկվայում այդ հարցով պաշտոնական ազդանշաններ չեն ստացել։

«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այդ թեմայի շուրջ, այդ թվում, այսպես ասենք, Հայաստանի արևմտամետ վերլուծաբանների կողմից, որոնք բազմիցս քննարկել են դա, բայց պաշտոնական ազդանշաններ այդ հարցի վերաբերյալ մենք չենք ստացել», - ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Ճշտող հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանը հարձակման դեպքում, Կրեմլի ներկայացուցիչն արձագանքել է․ - «Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, գիտեք, մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Նաև գիտեք՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում ճանաչելուց հետո այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվել են, հետևաբար՝ սա նույնպես պետք է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր», - ասել է Պեսկովը՝ առանց փակագծեր բացելու։

Ռուսաստանցի պաշտոնյան միաժամանակ ընդգծել է՝ Մոսկվան Երևանը որպես դաշնակից կորցնելու մտավախություն չունի, երկու երկրներն, ըստ Պեսկովի, շարունակում են մոտ լինել․ - «Մենք Հայաստանի հետ եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, կլինենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ։ Մենք կարող ենք որոշակի խնդիրներ ունենալ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում, քանի որ երկու երկրների զարգացման և ազգային շահերը թելադրում են մեր դաշինքի և գործընկերության խորացման անհրաժեշտությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Դմիտրի Պեսկովն այսօր կրկին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին է անդրադարձել՝ հայտարարելով, որ Մոսկվան կփորձի հասկանալ, թե ինչու է Հայաստանը զորավարժությունների մասին որոշումներ կայացնում ԱՄՆ-ի, այլ ոչ թե ՀԱՊԿ- հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համարՀայ քաղաքական գործիչների հայտարարությունները կոռեկտ չեն. ԼավրովՌուսաստանում Հայաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել