Հայաստանի վերջին շրջանի բոլոր քայլերը կարելի է դիտարկել որպես փորձ՝ ցույց տալու, որ Հայաստանը չի գտնվում ռուսական ճամբարում, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ Հայաստանն ինչ-որ քայլեր է ձեռնարկում այդ ճամբարից առնվազն դիստանցավորվելու՝ դրա դիմաց ակնկալելով ավելի ակտիվ աջակցություն Արևմուտքից։
Ըստ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի հետ զորավաժություններ անցկացնելու առաջարկը Հայաստանին արվել էր դեռ ամիսներ առաջ և Հայաստանի իշխանությունները մտածում էին՝ արժե ընդունել առաջարկը, թե ոչ։
«Այս փուլում, երբ Ադրբեջանն ուժեր է կուտակել Հայաստանի սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, երևի նրանք մտածում են, որ քաղաքական առումով, դա կարող է ազդակ լինել նույն Բաքվին, որ չարժե դիմել ակտիվ գործողությունների», - ասաց քաղաքագետը։
Այսօրվանից Հայաստանում մեկնարկում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները՝ «Արծիվ գործընկեր 2023» խորագրով։ Շուրջ 10 օր նախատեսված զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
Պաշտոնական Մոսկվան արդեն մտահոգիչ է համարել ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը՝ զգուշացնելով՝ կհետևեն իրավիճակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համարԱնցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց՝ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Փաշինյանն ասաց, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է՝ շեշտելով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Բաքուն շտապեց հերքել՝ Փաշինյանի հայտարարությունը որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խոսում է ռազմական նոր գործողությունների հնարավորությունից, Բաքուն հերքում էՀարցին, թե լարվածության այս աստիճանը որքա՞ն պայթյունավտանգ է, քաղաքագետը պատասխանեց․ - «Առանց վարչապետի հայտարարությունների էլ տարբեր անկախ աղբյուրներից ստացվող ինֆորմացիայից կարելի է նմանատիպ եզրահանգումներ անել, այսինքն՝ բոլոր զորքերի տեղաշարժերը, Բաքվից հնչող պաշտոնական տարբեր նարատիվներ»։
Գրիգորյանն այսօրվա վիճակը նմանեցնում է ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Ռուսաստանի պահվածքին, երբ կային զորքերի կուտակումներ, կային հայտարարություններ՝ նկատելով՝ այն ժամանակ էլ դժվար էր հասկանալ՝ սա բլեֆ է, թե իրոք պատրաստվում են գործողություններ իրականացնել։
«Հուսանք, որ սա իրոք բլեֆ է, և սպառնալիքի միջոցով ներազդեցություն ունենալու փորձ, բայց մյուս սցենարը ևս պետք չէ բացառել։ Մեծ հաշվով Ադրբեջանին զսպող լուրջ գործոններ այս փուլում մեր տարածաշրջանում գոյություն չունեն։ Արևմտյան տարբեր դերակատարների կողմից հնչեցվող հայտարարություններն արդյունավետ չեն լինի, քանի դրանց չեն հաջորդում կոշտ քայլեր, խոսքը, մասնավորապես, պատժամիջոցների մասին է։ Իրանի գործոնը կարևոր է այս փուլում և պատահական չէ, որ հենց Իրանի ղեկավարի հետ հեռախոսազրույց ունեցավ Փաշինյանը, բայց հուսանք ամեն ինչ ավելի բարենպաստ ձևով կավարտի մեզ համար այս անգամ», - եզրափակեց Գրիգորյանը։
Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող ե դիտել ստորև․