Դավիթ Իշխանյանը սթափության կոչ է անում ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքների

Արցախի նախագահի ընտրություններին ընդառաջ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը սթափության կոչ է անում ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները:

Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի խորհրդարանն ընտրելու է Լեռնային Ղարաբաղի նախագահ:

«Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով», - նշել է Իշխանյանը:

«Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում», - նշել է նախագահի պաշտոնակատարը՝ վստահեցնելով, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով:

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը և որևէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը: Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը, և մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով: Հաջողություն եմ մաղթում բոլորիս՝ այս հույժ կարևոր քաղաքական գործընթացն իրականացնելու ճանապարհին: Հավատացած եղեք՝ միասին անհնարը հնարավոր կդարձնենք», - նշել է Իշխանյանը:

Ազգային ժողովի իշխող «Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ն, «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին։

Նախագահի միակ թեկնածուին առաջին փուլով ընտրելու դեպքում օրենքով անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն պատգամավորների ⅔-ը։ Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած 4 ուժերի ձայները միասին բավական են ընտրության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանը վաղը ԼՂ նախագահ կընտրի