Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանը վաղը ԼՂ նախագահ կընտրի


Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա վաղը ժամը 11-ին։ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Սահմանադրության փոփոխություններով նոր նախագահին Ազգային ժողովն է ընտրելու։

5 խմբակցություններից 4-ի, այդ թվում՝ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի նախագահի թեկնածուն նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն է։

Խմբակցություններից միայն «Միասնական հայրենիք» է այլ թեկնածու առաջադրել՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին, սակայն նրա թեկնածությունը մերժվել է վերջին տասը տարում Արցախի քաղաքացիության ու մշտական բնակության մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

«Մենք տալիս ենք դատարան, դատարանը հաստատում է, որ քաղաքացի ենք, դրանից հետո տանում ենք պառլամենտ, հետ է տալիս, պարզվում է՝ նորից պետք է գնանք, մի խոսքով ուշացնում են, մենք չենք կարում գրանցվենք, որովհետև քաղաքական ուժերի հետ էլ պիտի հանդիպենք, խոսենք», - ասաց Բաբայանը:

Մեկ թեկնածուի՝ Բաբայանի բնութագրմամբ ոչ մրցակցային ընտրություններն են պատճառը, որ իրենք վաղը քաղաքացիներին հրավիրել են հավաքվել խորհրդարանի շենքի առջև. - «Ես հասարակությանը կոչ եմ արել, որ դուրս գա, ասի՝ ոչ, 3 հոգով չեք կարա նախագահ դնեք, մերժեն ու իրենք իրենց թեկնածուն առաջադրեն»:

Արցախում կոչ են անում քաղաքացիներին վաղը սադրանքների չտրվել

Այսօր արդեն Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը, Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը իրար հաջորդելով գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ տարածեցին՝ կոչ անելով քաղաքացիներին վաղը սադրանքների չտրվել։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ տարբեր քաղաքական ուժեր հավաքներ և ցույցեր անցկացնելու կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։

«Ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Նման հայտարարություններ անող ուժերին Ազգային անվտանգության ծառայությունից կոչ են անում վտանգի տակ չդնել պետականությունը։

Շահրամանյանի թեկնածությունը պաշտպանող ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղարն էլ է համոզված, պատգամավորի ձևակերպումն է՝ նախագահի ընտրությունները խափանելուն միտված գործընթացները Արցախը գլխատելու նպատակ ունեն։

«Այս պահին ժողովրդի մոբիլիզացիա է տեղի ունենում ու բոլորի մոտ հենց այդ անհանգստությունը կա, որ որևէ արտաքին ուժերի կողմից ղեկավարվող խմբակներին ժողովուրդն ինքը թույլ չտա նման պրոցես իրականացնել, որովհետև մենք իրականում 9 ամսի էս դաժան իրավիճակում դիմակայում ենք, որովհետև մենք ունենք հստակ նպատակ՝ պահել Արցախը հայկական», - ասաց Մետաքսե Հակոբյանը:

Բաբայանը պնդում է՝ իրեն ուղղված պետական գերատեսչությունների մեղադրանքները անհիմն են

Մինչդեռ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իրեն ուղղված պետական գերատեսչությունների մեղադրանքները անհիմն են, իրենք վաղը ընդամենը ցանկանում են խաղաղ ցույց անցկացնել։

«Եթե իրանք իմ փաստաթուղթը, որն օրենքով անցնում էր, որը դատարանը հաստատել է, տար, որևէ հավաք, որևէ բան չէր լինի: Եթե չեն արել, սխալ են թույլ տվել, ուրեմն պիտի այդ սխալի պատասխանը տան: Էս վայնասունն ինչի՞ հետ կապ ունի, կարա՞ն հասկացնեն՝ ինչի՞ մասին են խոսում, եթե խոսում են զինվորական դրությունից խորհուրդ կտամ քաղաքական ուժերին, լրատվական միջոցներին հիշեցնել, որ ուղիղ ամսից ավելի Արցախի հրապարակն իշխանությունները գրաված, պալատկեքը դրած միտինգներ էին անում, մոռացե՞լ եք, էն ժամանակ օրենք չէի՞ք խախտում, տղերք», - ընդգծեց նա:

Բաբայանը հակառակը՝ իր ընդդիմախոսների քայլերն է սադրանք որակում. - «Ուզում ենք հասկանալ՝ ո՞վ է մեզանից պրովոկացիա անում, երբ հայտարարում եք՝ ասում եք՝ պետք է համախմբվենք, ժողովուրդ, եթե դուք համախմբման կոչ եք անում, էդ համախմբումը պետք է լիներ մինչև էդ, պետք է ինձ էլ հրավիրեիք: Ի վերոջ 30 տոկոս հասարակության ձայնը մեր ձեռքին ա, մեզ էլ հրավիրեիք, մեր կարծիքն էլ իմանայիք, նոր անեիք կամ մեզ գրանցեիք»:

Նախագահի միակ թեկնածուի ընտրության համար անհրաժեշտ է, որ կողմ քվերակեն պատգամավորների ⅔-ը։ Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած 4 ուժերի ձայները միասին բավական են դրա համար։ Նոր ընտրված նախագահն, ըստ օրենսդրական վերջին փոփոխությունների, կղեկավարի մինչ 2025 թվականը՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ավարտը։

XS
SM
MD
LG