Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով. Երևանն արձագանքում է Բաքվին

Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից, հայտարարում է պաշտոնական Երևանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի ռազմական նոր գործողությունների հնարավորությունից: Բաքուն շտապեց հերքել՝ հայտարարությունը որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։

Հայաստանի արտգործնախարարությունն ընդգծում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ, ինչը հաստատվում է նաև այլ աղբյուրների տեղեկատվությամբ:

«Վերոհիշյալ ելույթում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչով վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը: Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից, որը մինչ օրս հրապարակայնորեն չի հաստատել իր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին»:

Երևանն ընդգծում է, որ Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով, և նշում՝ «նախկինում առաջարկել է, հիմա էլ առաջարկում է նման ռիսկերը բացառելու մեխանիզմներ, որոնք մինչ օրս անպատասխան են մնացել, և պատրաստ է քննարկել արդյունավետ այլ մեխանիզմների ներդրումը նույնպես»:

«ՀՀ պատրաստ է շարունակել ակտիվ ջանքեր ներդնել հնարավորինս շուտ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներն ավարտելու և այն ստորագրելու ուղղությամբ:

ՀՀ նվիրված է և շարունակում է հավատարիմ լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օրակարգին՝ միևնույն ժամանակ ընդգծելով պաշտոնական Բաքվի կողմից նույնպիսի հռետորաբանության և գործնական ազդակների անհրաժեշտությունը:

Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բացակայությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, չի նպաստում տարածաշրջանում մթնոլորտի բարելավմանը», - ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խոսում է ռազմական նոր գործողությունների հնարավորությունից, Բաքուն հերքում է