Բադեն-Բադենի գործում հանցակազմ չկա. դատախազություն

Ավելի քան մեկ ու կես տարվա քննությունից հետո իրավապահները եզրահանգել են, որ Հայաստանի երրորդ նախագահը պետական ինքնաթիռով գերմանական Բադեն-Բադեն հանգստավայր ճամփորդելիս հանցագործություն չի գործել։ Ընդ որում, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել է դեռ 2022-ին։ Այս մասին «Ազատությանը» հայտնի է դարձել դատախազությանն ուղղված մեր գրավոր հարցումից։

«Նախագահը կարող է օգտագործել իրեն սպասարկող օդանավը, երբ գործուղման է մեկնում կամ երբ արձակուրդում է։ Բադեն-Բադենի ուղևորությունների մի մասում ո'չ արձակուրդում է եղել, ո'չ էլ գործուղված, է եղել Բադեն-Բադեն։ Սա նշանակում է, որ ինքնաթիռի օգտագործումը եղել է ապօրինի», - պնդում է Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Մինչդեռ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռք բերված ապացույցներով ըստ էության հերքել է Իրազեկ քաղաքացիների միավորման բողոքում տեղ գտած կասկածները, թե Սարգսյանն իր նախագահության 10 տարիների ընթացքում ավելի քան 16 անգամ պետական օդանավով եղել է Բադեն-Բադենում և որ այդ թռիչքների մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց Հայաստանի նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:

69-ամյա պաշտոնաթող նախագահը ի սկզբանե այս գործում մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, որպես վկա է հարցաքննվել։ Բայց Գլխավոր դատախազությունը չի բացահայտում, թե ինչպես է ապացուցվել նախկին նախագահի անմեղությունը։

«Խնդրահարույց է նաև նա, որ նախագահն առանց համապատասխան գրությունների, այսինքն՝ Քաղավիացիա, նախագահի աշխատակազմից համապատասխան գրության բացակայության պայմաններում ինքնաթիռը թռչել է Բադեն-Բադեն։ Այդպես, ենթադրում եմ, որ փորձել են կոծկել այն, որ իրականում նախագահը թռչում է Բադեն-Բադեն», - ասում է Իոաննիսյանը։

Մինչդեռ Իրազեկ քաղաքացիների միավորումը «Մի քաղաքի և նախագահի պատմություն, բոլոր ճանապարհները տանում էին Բադեն Բադեն» վերնագրով հոդվածում պնդել էր, թե Սարգսյանի այցերից և ոչ մեկը պաշտոնական չի եղել, երրորդ նախագահը հիմնականում արձակուրդների ընթացքում է եղել այդ քաղաքում, իսկ որոշ պաշտոնական այցերն էլ առիթ են դարձել Բադեն-Բադենում ժամանակ անցկացնելու համար։

Կազմակերպությունը ղեկավարող Դանիել Իոաննիսյանը հարցնում է՝ արդյո՞ք քննել են Քաղավիացիայի՝ Հետաքննող լրագրողներին տված տեղեկանքը Բադեն-Բադեն տասնյակ այցերի մասին, դրանք համադրել այլ փաստաղթղթերի հետ. - «Իրավապահներին ընդամենը մնում էր ուսումնասիրել փաստաթղթերը և տեսնել, որ նախագահը, օրինակ, չգտնվելով արձակուրդում, պետական օդանավով պետության հաշվին թռել է Բադեն-Բադեն, ուր ո'չ գործուղված է եղել, ո'չ էլ արձակուրդում է եղել։ Սա, իմ կարծիքով, բավարար էր ինքնին պաշտոնեական լիազորությունների չարաշահում տեսնելու համար»։

Երրորդ նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը մեկ անգամ չի հերքել, թե Քաղավիացիայի կոմիտեի տրամադրված տեղեկանքը միտումնավոր կերպով կամ անփութության պատճառով ճշգրիտ չէ. - «Բադեն-Բադենը, մի անգամ էլ ասեմ, առողջարանային քաղաք ա։ Հանրապետության նախագահը, մի անգամ էլ եմ ասում, օգտվելով իրեն ընձեռված սոցիալական երաշխիքներից, իր արձակուրդը անցկացրել է Բադեն-Բադենում»։

Բադեն-Բադենի այս պատմությունը՝ համեմված այնտեղի կազինոներում Սերժ Սարգսյանի՝ միլիոնավոր դոլարներ պարտվելու դրվագով, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին հասցրել է դատարան։

«Բոլորդ լավ գիտեք` երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»,- ասել էր Սուքիասյանը ԱԺ նիստին։

Նախկին նախագահը գործարար պատգամավորին դատի էր տվել դեռ 2021-ին, երբ վերջինս խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել Բադեն-Բադենի խաղատներում։

Գործը դեռ դատարանում է, Սուքիասյանը կոնկրետ փաստեր չէր ներկայացրել, միայն ասել էր, թե այս մասին լսել է մամուլից, բայց և չի պատրաստվում հաշտություն կնքել։ Իշխանական պատգամավորի փաստաբանը «Ազատությանն» այսօր ասաց, որ քրեական գործը կարճելու մասին որոշումը նախկին նախագահի փաստաբանը ներկայացրել է դատարանին։

Սուքիասյանը, սակայն, շարունակում է պնդել, որ իր կարծիքն է հայտնել։