Աղդամի ճանապարհի գործարկումը դժբախտաբար հայտնվել է նաև միջազգային կենտրոնների լեքսիկոնում. վերլուծաբան

«Ազատությունը» զրուցել է վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ։

«Ազատություն». - Կարծում եք Աղդամի ճանապարհը բացելը փոխզիջո՞ւմ է։

Հովսեփյան. - Ընդհանրապես Լաչինի միջանցքի բացման էս պահի դրությամբ կա երկու ռեալ տարբերակ։ Առաջինը դա ռազմական ճանապարհով տարբերակն է, երկրորդը Ադրբեջանի հետ ինչ-ինչ համաձայնությունների գալն է։ Հիմա Ադրբեջանը Լաչինի միջանցքի համար բերել է նոր նախապայման, դա Աղդամի ճանապարհի գործարկումն է։ Աղդամի ճանապարհի գործարկումը դժբախտաբար հայտնվել է նաև միջազգային կենտրոնների լեքսիկոնում։ Նայեք բոլոր հայտարարությունները թե' եվրոպական, թե' ռուսական, էստեղ Ադրբեջանի խոսույթը դարձել է դոմինանտ։ Բոլորը ասում են Աղդամի ճանապարհ և Լաչինի, կամ Լաչինի և Աղդամի։ Էդ հաջորդականությունը առանձնապես կարևոր չի, որովհետև մեկ փաթեթում գնում է արդեն էդ լոգիկան։ Հետևաբար Լաչինի միջանցքի բացման այլ ճանապարհ՝ սկանդինավյան խաղաղապահների ներգրավում, չինական խունվեյբինների ներգրավում, հնարավոր չէ։ Դժբախտաբար։ Հիմա մենք պիտի հասկանանք. մենք ի վիճակի՞ ենք, Հայաստանը որպես պետություն կարո՞ղ է, ունա՞կ է գնալ ռազմական ճանապարհով Լաչինի միջանցքի բացմանը։ Թե՞ պետք է այնուամենայնիվ գնալ բանակցությունների։ Որովհետև էս վիճակը բնականորեն չի կարող երկար շարունակվել։ Դեկտեմբերից արդեն մենք ունենք Լաչինի արգելափակված միջանցք։ Էդ օրեկան մի քանի հոգու մուտք ու ելքը բացարձակապես ոչինչ չեն նշանակում։ Դժբախտաբար հիմա պարենային լուրջ ճգնաժամ է արդեն նաև Արցախում։ Էլ չեմ ասում, որ խոսակցություններ կան ադրբեջանական զինական կուտակումների մասին սահմաններում։ Էս առումով մենք որոշումներ պիտի կայացնենք հիմա, և առաջին հերթին պետական քաղաքական էլիտայի պատասխանատվության հարցն ա։ Արցախի էլիտան ինչո՞վ ա զբաղված, էս հարցերի պատասխաններ պիտի ֆիքսի՞, ձևակերպի՞, թե՞ չէ։ Որովհետև Արայիկ Հարությունյանի համար, օրինակ, մարդիկ ասում են, որ իրենք ուրախացել են։ Կներեք իհարկե, Արայիկ Հարությունյանի, Պողոս Պետրոսյանի, մյուսի հրաժարականով ուրախանալուց հետո ի՞նչ ա դառնում... Այսինքն՝ Ղարաբաղում հիմա դու ունես մի իրավիճակ, երբ որ պետական կառույց, որ պատասխանատու ա պետության պաշտպանության ֆունկցիան իրացնելու համար, բարեկեցությունը ապահովելու համար և ընդհանուր համակեցական միջավայր ձևակերպելու համար, ըստ էության չկա։

«Ազատություն». - Մենք աչքի առաջ ունենք անցյալը, երբ այնտեղ «բնապահպաններ» էին, հետո անցակետ տեղադրվեց, հիմա էդ անցակետն էլ չի աշխատում, և չկա որևէ երաշխիք, որ ճանապարհը Աղդամի ճանապարհ չի բացելու, որ արդեն մահակներով գան այս այսպես կոչված ինտեգրումը սկսելու։

Հովսեփյան. - Ճիշտ եք ասում։ Էս էլ մեր էն անընդհատ պտտվող նույն շղթայի մաս ա։ Որովհետև մենք ի սկզբանե չենք որոշում մեր նպատակը, հետո անընդհատ զարմանում ենք, որ օպերատիվ կառավարման մեջ մենք անընդհատ ետ ենք մնում։ Ինչի՞ համար։ Որովհետև Ադրբեջանը հստակ ֆիքսել ա իր նպատակը, դա Լեռնային Ղարաբաղի ինտեգրացիան է Ադրբեջանին՝ անընդհատ տեռորի մեջ պահելով սովորական բնակչությանը, անընդհատ մեզ լարվածության ալիքի վրա պահելով թե' Հայաստանի պետությանը, թե' Հայաստանի հանրությանը, նաև փակելով բոլոր խողովակները Արցախ գնացող։ Ղարաբաղի ինտեգրացիա. դա կլինի հայերով թե առանց հայերի, իր կարծիքով, ինչպես տեսնում ենք, դա հայերի պրոբլեմն ա։ Հիմա հայերի նպատակը ո՞րն ա էս ամեն ինչի մեջ։ Բնականաբար, մենք ուզում ենք ունենալ հայկական Արցախ, անկախ Արցախ։ Փաստական անկախություն ենք ուզում առնվազն, եթե ոչ իրավաբանորեն։ Կներեք իհարկե, բայց էս պահի դրությամբ դրա տեսանելի գործիքակազմ, թե դա պրակտիկ ինչպես պիտի անես, ես անձամբ չեմ տեսնում։ Հիմա դարձել ա Ղարաբաղը պաշարված ամրոց։ Եվ ի՞նչ ա լինում վերջնականորեն պաշարված ամրոցի հետ... ինքը անընդհատ խեղդվելու ա»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.