Բուդապեշտը պահանջում է, որպեսզի Բրյուսելն արդեն առաջիկա ամիսներին Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածու պետության կարգավիճակ շնորհի։ Այս մասին նախօրեին Թբիլիսի կատարած այցի ժամանակ հայտարարում էր Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Իմ վրաց գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Վրաստանին ԵՄ անդամության թեկնածու պետության կարգավիճակի շնորհման հարցը։ Մենք կարծում ենք, որ Վրաստանն այդպիսի կարգավիճակ ստանալու նույնպիսի իրավունք ունի, ինչպես Ուկրաինան և Մոլդովան։ Այդ իսկ պատճառով, մեր մոտեցումն այն է, որ Վրաստանը թեկնածու պետության կարգավիճակ պետք է ստանա արդեն այս աշնանը։ Նման կարգավիճակ ստանալու համար Վրաստանն արել է ամեն ինչ։ Պետք է նաև հասկանալ, որ Վրաստանին ԵՄ թեկնածու պետության կարգավիճակ շնորհելու հարցը քաղաքական է, և մենք Եվրամիությունից պահանջում ենք է ի կատար ածել քաղաքական այդ պարտավորությունը՝ որոշում ընդունելով արդեն այս աշնանը», - Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում էր հունգարական դիվանագիտության ղեկավարը։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի խոսքով ևս, այս պահին Վրաստանի՝ որպես ԵՄ թեկնածու հռչակման համար որևէ լուրջ խոչընդոտ գոյություն չունի։
«Գնահատանքի արժանի է Հունգարիայի և անձամբ նախարարի աջակցությունը, որը մեզ համար կարևոր է հատկապես հիմա՝ այս որոշիչ ժամանակաշրջանում։ Վրաստանի եվրոպական ձգտումները ինչպես միշտ հիմնված են ազնիվ մղումների վրա։ Մենք լիովին ըմբռնում ենք, որ անդամակցությունը Եվրամիությանը զուգորդվում է երկարաժամկետ պարտավորություններով և պարտականություններով։ Դա երկարատև մի ճանապարհ է, որի վերջում, սակայն, ակնհայտ ձեռքբերումներ կան։ Վրաստանը ԵՄ անդամակցության հարցում իր հզոր կամքն է դրսևորել, ուստի արժանի է թեկնածուի կարգավիճակին և անցմանը անդամակցության հաջորդ փուլերին։ Մենք վստահ ենք, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն այս տարի ևս մեկ պատմական որոշում կկայացնեն Վրաստանին թեկնածու պետության կարգավիճակ շնորհելով։ Մենք նաև ակնկալում ենք, որ Եվրամիությունը, ինչպես և Ուկրաինայի ու Մոլդովայի դեպքում, Վրաստանի պարագայում ևս որոշում կկայացնի սկսել անդամակցության շուրջ բանակցությունները», - հայտարարում էր Իլյա Դարչիաշվիլին։
Որքանով կարդարանան վրացական իշխանությունների սպասումները՝ պարզ կդառնա արդեն առաջիկա շաբաթներին, երբ Թբիլիսիի և ԵՄ շփումները սկսեն ակտիվանալ։ Վաղն արդեն Վրաստան կժամանի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Երկօրյա թբիլիսյան այցի շրջանակում Բորելը բանակցություններ կանցկացնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարարի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան