Գյումրիում հաշվառումից հետո արդեն շուրջ 100 տնակ է ապամոնտաժվել, ևս 2500-ը նախատեսվում է ապամոնտաժել մինչև 2027 թվականը։ Սա կառավարության սահմանած վերջնաժամկետն է՝ աղետի գոտում անօթևանության խնդիրը վերջնականապես լուծելու համար։
Պետությունը ծրագրում է կա՛մ բնակարաններ կառուցել, կա՛մ բնակարանի գնման վկայագրեր տրամադրել անօթևանի կարգավիճակ ունեցողներին։ Իսկ նրանք, ովքեր տնակում են ապրում, բայց անօթևանի կարգավիճակ չունեն, մեկ տարի ամսական 60 հազար դրամ կստանան՝ որպես բնակարանի վարձ։ Մեկ տարուց արդեն պետք է իրենց գլխի ճարը տեսնեն։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը խոստովանում է՝ տնակների ապամոնտաժումը հարթ չի ընթանում. - «Դանդաղ է, դժվար է, մարդիկ դժգոհում են, բազմանդամ ընտանիքներն են խնդիր, մեծացել են ընտանիքներ են ձեռք բերել, մի մասը գնացել է, մի մասը մնացել տնակում, հիմա չի սեփականաշնորհվել տվյալ տունը, ասում ենք՝ պիտի քանդվի, ակտը լինի, որ սեփականաշնորհվի: Հայտնվել ենք մի հատ վատ վիճակում, այդտեղ է խնդիրը նաև, որ տնակները կան»:
Բնակարանը վաճառած ու տնակում հայտնված ընտանիքներ շատ կան։ Սամսոնյանը կարծում է՝ եթե ժամանակին ներդրվեր սոցիալական բնակարանաշինության բաղադրիչը, ապա այդ կարգավիճակով տնակներում ապրողներ չէին լինի։
«Չի կարող վաճառի ու կրկին գնա փորձի այլ տնակում հայտնվի: Այդ մոտեցումը եթե նախկինում կիրառվեր, հիմա մենք էդ պատկերը չէինք ունենա», - ընդգծեց քաղաքապետը:
Եթե տնակը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին, այսինքն 70-80 տոկոսը քարապատ է, իսկ տարածքն էլ կանաչ գոտի չէ, ուրեմն բնակիչը կարող է սեփականաշնորհել այն, իհարկե, ոչ անվճար։ Որոշակի ակտիվություն կա, դիմումները շատացել են, ասում է համայնքապետը։
«Այդպես էլ ենք մենք թեթևացնում՝ տնակը դառնում է սեփական տան հասցեով ու դուրս է գալիս: Այդ ուղղությամբ էլ են աշխատանքները բավականին ինտենսիվ ընթանում», - նշեց նա:
Սամսոնյանը համոզված է, որ եթե կառավարությունը բնակարանների գնման վկայագրեր տրամադրի անօթևան ընտանիքներին, ապա Գյումրիում բնակֆոնդի խնդիր կառաջանա. - «Մեր մոտ մեր ուսումնասիրության արդյունքում մենք էդքան բնակֆոնդ չունենք, իմ կարծիքով, պիտի բնակարաններ կառուցվեն»:
Երբ Երևանում աստիճանաբար ավարտվի եկամտահարկի վերադարձով բնակարանների կառուցումը, ապա կառուցապատողները միգուցե մարզեր տեղափոխվեն, հույս ունի քաղաքապետը. ըստ նրա արդեն հետաքրքրվողներ ու կառուցապատում իրականացնողներ կան։ Կառավարությունը հայտարարել է, որ 2029 թվականից չի շարունակի եկամտահարկի վերադարձի ծրագիրը ողջ հանրապետությունում։ Երևանում այն ավելի շուտ՝ 2025-ին կավարտվի։
«Բավականին շատ մեր քաղաքի հողատարածքներով կառուցապատողները հետաքրքրված են, շատ հանդիպումներ եմ ունեցել, ցույց ենք տվել հատվածներ, որտեղ հնարավոր է շենքեր կառուցել: Իմ կարծիքով՝ Գյումրիում կսկսվի նման խոշոր մասշտաբի շինարարությունում մասնավորի կողմից», - ասաց Սամսոնյանը:
Մի քանի տարի առաջ «Արդա» հիմնադրամը սոցիալական բնակարաններ կառուցեց ու դրանք բաշխվեցին տնակներում միայնակ ապրող մարդկանց։ Բնակարաններից մի քանիսն ազատ են հիմա, վերանորոգվել են կառավարության ու համայնքի միջոցներով ու պետք է վերաբաշխվեն։
«Արդա»-ի տված բնակարանները, որոնք բաշխվել են և մարդիկ ապրել են, ադեն վեց տարի անց կոսմետիկ վերանորոգվել է, բերվել է լրիվ նորմալ վիճակի, որ տրամադրվի բնակիչներին», - ներկայացրեց Գյումրիի քաղաքապետը:
Առայժմ հստակություն չկա՝ կառավարությունը երբ կսկսի բնակարանաշինությունը կամ վկայագրերի տրամադրումը։ Միայն հայտնի է վերջնաժամկետը՝ 2027 թվական։