Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը ջանքեր կգործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը, Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով տարածած ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Ղարաբաղի ժողովուրդը էթնիկ զտման առջև է կանգնած Լաչինի միջանցքի շրջափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները», - հայտարարել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
Հայաստանի վարչապետը, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններում խոստանում էր Արցախի հարցը լուծել ինքնորոշման իրավունքի հիման վրա, այսօր վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։
«Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցներին, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը», - նշել է Փաշինյանը:
Շատ չանցած Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրին նվիրված ուղերձից Բաքուն արձագանքեց։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ ուղերձով Հայաստանի կառավարության ղեկավարը կասկածի տակ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Մենք վճռականորեն քննադատում ենք և մերժում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին հրապարակված ուղերձը, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ՝ [Հայաստանի] ունեցած պահանջների, ինչպես նաև Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում անջատողականության խրախուսման հերթական վկայությունն է», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ստեփանակերտում էլ հույսը չեն կորցնում, որ «միջազգային հանրությունը կճանաչի Արցախի Հանրապետությունը»։
«Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը», - հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ հորդորելով՝ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված բոլոր միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու նրա բնիկ ժողովրդի հայրենազրկումը»։
Արցախի անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի առիթով ուղերձ է հղել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագահը շարունակում է պնդել, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը իշխանափոխությունն է։
«Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում», - ընդգծել է Սարգսյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ շեշտել է, որ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը։