Կշարունակի՞ արդյոք պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մնալ բանտում, թե Հակակոռուպցիոն դատարանն ի վերջո կփոխի նրա խափանման միջոցը, հայտնի կդառնա վաղն առավոտյան։
Այսօր շուրջ երեք ժամ քննությունից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նախկին նախարարի պաշտպանները՝ հաշվի առնելով անցած երկու տարում դատարն կայացրած որոշումները այս անգամ ևս լավատես չէին։
«Միամտություն կլինի դատարանից սպասել արդար որոշում՝ հաշվի առնելով դատարանի նախկինում կայացրած որոշումները: Եթե պետք է դատարանը հիմա ազատ արձակելու որոշում կայացնի, այդ հիմնավորումները վաղուց կան՝ դեռևս մեկ տարուց ավելի: Լավ, ընդունենք այդ վկաները նոր են հարցաքննվել, մի քանի ամիս առաջ են հարցաքննվել, էս պարագայում որևիցե դատարան երկարատև կալանքի տակ պահելու իրական պատճառներ չի կարող նշել», - ասաց փաստաբան Ավետիք Կարապետյանը:
Տոնոյանի պաշտպան Ավետիք Կարապետյանը հիշեցնում է՝ կալանքը փոխարինելու 5-ից ավելի միջնորդություն են ներկայացրել, սակայն բոլոր դեպքերում դատարանն անփոփոխ է թողել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խափանման միջոցը՝ պատճառաբանությամբ, թե Տոնոյանը կարող է վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրել։ Այս ընթացքում նա ազատության մեջ է հայտնվել միայն երկու անգամ, երբ մասնակցում էր Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն չի կանխատեսել, որ Թուրքիայի ԶՈւ-ն ևս ուղիղ ներգրավված կլինեն Արցախի դեմ պատերազմում. Տոնոյան
Պաշտպանները հայտարարում են՝ դատարանն արդեն հարցաքննել է բոլոր վկաներին և երկու ամբաստանյալի։ Պնդում են, թե որևէ վկա Դավիթ Տոնոյանին և մյուսների առաջադրված մեղադրանքը հիմնավորող որևէ ցուցմունք չի տրվել։ Այս տեղեկությունը հնարավոր չէ հաստատել, քանի որ լրագրողները դատական նիստերին մասնակցելու հնարավորություն չունեն։ Դատավարությունը պետական գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ փակ է ընթանում։
«Ինչպես գիտեք, այդ բոլոր վկաները հարցաքննվել են, ազատության մեջ գտնվող երեք ամբաստանյալներից երկուսը ևս հարցաքննվել են, բայց մեղադրանքի կողմի դիրքորոշումները չեն փոխվում և շարունակաբար պարոն Տոնոյանին կալանքի տակ պահելու նպատակ են հետապնդում», - նշեց Կարապետյանը:
Ըստ փաստաբանների՝ մեղադրող կողմը հիմա էլ ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածն է առաջ քաշել Տոնոյանին կալանքի տակ պահելու համար։ Փաստաբանները պնդում են, թե այս փաստարկը ևս զուրկ է որևէ հիմնավորումից և հաստատվել է նաև մեկ ամիս առաջ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ։
«Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որ դատարանի որոշումը՝ կալանքի տակ պահելու վերաբերյալ, հիմնված է մեծամասամբ վկաների վրա ազդեցություն գործադրելու հավանականությունը բարձր գնահատելով և վերաքննիչ դատարանի վերջին որոշումը վերաբերում է նրան, որ Հակակոռուպցիոն դատարանը չի նշել, թե ամբաստանյալների նկատմամբ ազդեցություն գործադրելու հավանականությունը ինչով է բարձր և ուղարկել էր նոր քննության դատարանին ներկայացնելու, որ պարտավոր է պատճառաբանված որոշում կայացնել գործի նյութերից բխող, օրինակ, ամբաստանյալների վրա ազդեցություն գործադրելու հավանականությունն այն աստիճանի բարձր է, որ պետք է կիրառվի ամենախիստ խափանման միջոցը», - նշեց պաշտպանը:
Գրեթե 2 տարի շարունակ կալանքի տակ գտնվող 55-ամյա Տոնոյանի պաշտպանը հայտարարում է՝ գործի վրա քաղաքական ազդեցությունն է պատճառը, որ իր պաշտպանյալը շարունակում է կալանավորված մնալ, իսկ կալանքը փոխարինելու հարցը ձգձգվում է կամ էլ միջնորդությունները մերժվում են։
«Եթե չլիներ քաղաքական վերահսկողություն կամ ինչ-որ ձևով այս գործի նկատմամբ որևիցե հետաքրքրություն չլիներ, պարոն Տոնոյանը վաղուց ազատ կլիներ: Գործի էությունն է այդպիսին, որ պատերազմից հետո այսպիսի գործեր են քննվում և մեծամասամբ ամբաստանյալները շարունակում են գտնվել անազատության մեջ: Ես ինչո՞ւ եմ նշում այնպես, որովհետև գործում առկա չեն ապացույցներ, որոնք ուղղակիորեն խոսում են պարոն Տոնոյանի մեղավորության մասին»
«Անպիտան հրթիռներ»-ի գործով շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը, պաշտպանական թիմն էլ քրեական գործը շինծու և անհիմն է որակում։ Այսօր էլ փաստաբան Ավետիք Կարապետյանը պնդեց՝ մեղադրանքով անպիտան որակված հրթիռները որակով են և հնարավոր է կիրառել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը կասկածի տակ է դնում «անպիտան հրթիռների» գործով դատավորի օբյեկտիվությունը
«Ես պարոն Տոնոյանի խոսքերն եմ փոխանցում, եթե հիմա նորից լիներ պաշտպանության նախարար ու նորից լիներ այսպիսի գնման պրոցես, ինքը նորից գնելու էր այդ հրթիռները, որովհետև իրենք որակով հրթիռներ են, որոշակի խմբաքանակ կիրառված լինելու վերաբերյալ առկա է տեղեկատվություն և բացասական եզրակացություններ չկան: Այսինքն՝ մասնագետները նշում են, որ եթե ինչ-որ խմբաքանակից կիրառվում է ու չի արտանետվում, չի կրակվում, այլ պատճառով խոտանման է ենթակա, ակտ է կազմվում: Այս գնված հրթիռների վերաբերյալ որևիցե նման ակտ գործում չկա», - ասաց Ավետիք Կարապետյանը:
Ըստ մեղադրանքի՝ բարձրաստիճան զինվորականները բանակին զինամթերք մատակարարող Դավիթ Գալստյանից 2018-ին ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք, որը հնարավոր չի եղել կիրառել 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Անպիտան հրթիռների» գործով անցնում են բարձրաստիճան նախկին զինվորականներ, այդ թվում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նար զենքի մատակարար Դավիթ Գալստյանը ազատության մեջ են։