Երևանի տրանսպորտի խնդիրը՝ քարոզարշավի գլխավոր թեմաներից

Երևանի տրանսպորտի խնդիրը խոստացել ու խոստանում են լուծել բոլոր թեկնածուները՝ 2000-ականներից սկսած, այժմ էլ այն քարոզարշավի գլխավոր թեմաներից է։ Գործող իշխանությունը խոստանում է՝ սեպտեմբերի 1-ից ոչ մի «Գազել» այլևս չի լինի։ Հիշեցնում են՝ 2018-ից մինչև այսօր 448 ավտոբուս է երթուղի դուրս եկել, ևս 100 հատ էլ փոքր ավտոբուս ու 15 տրոլեյբուս։

Կանգառներում սպասող քաղաքացիները նկատում են դրական փոփոխությունը, բայց հաճախ այնքան երկար են սպասում, որ աչքներին չի երևում նոր է, թե հին տրանսպորտը, որով երբեմն տեղաշարժվում են մի կերպ՝ ոտքի վրա կանգնած, խցկված կամ տուն են հասնում առնվազն 2-3 ավտոբուս փոխելով, հաճախ նաև ժամը 21։00-ից հետո չեն էլ գտնում այդ նոր ավտոբուսներն ու տաքսիով են տուն գնում:

Ֆեյսբուքյան մեր փոքրիկ հարցմանը մասնակցած շուրջ 4 տասնյակ քաղաքացի գրեթե նույնը գրեցին՝ գոնե ժամանակին մոտենան կանգառին, ամառվա շոգին օդորակիչ միացնեն, գիշերն 9-ից հետո էլ աշխատեն, թաղամաս էլ կա, որտեղ ընդհանրապես տրանսպորտ չի հասնում։

Իշխանության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ հիմա արձակուրդում է, բայց ավագանու գործակարգավարականների օրերին վերադառնում է Արգիշտի 1, նիստ վարում ու հանձնարարականներ տալիս, «Ազատության» տաղավարում ասաց՝ ևս 250 էլեկտրոավտոբուսներ են բերելու։ 2018-ից խոստացվող մետրոյի կայարանի հարցն ասաց՝ իր փոխքաղաքապետ եղած ժամանակ է միայն ընթացք ստացել՝ հաջորդ տարի Աջափնյակի մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի։

«Միասնական տոմսային համակարգով, ավտոբուսային առանձնացված գծերով, որ սկսել ենք փորձարկել Երևանում, մետրոյի համակցմամբ ընդհանուր տոմսային համակարգի, Աջափնյակի նոր համակարգով, Սուրմալուի մոտ կառուցվող նոր կայարանով, ես կարծում եմ, մոտավորապես գալիք 5-ամյակում տրանսպորտի մակարդակը լրիվ այլ է լինելու Երևան քաղաքում և իրապես ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև շատ ու շատ զարգացած երկրների հետ կարողանալու ենք մրցակցել այդ առումով», - նշեց Ավինյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ թանկացման հարցը քննարկվո՞ւմ է, Տիգրան Ավինյանը պատասխանել է. - «Այս պահի դրությամբ որևէ հարց չենք քննարկում»:

Հեղափոխությունից հետո քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը, որ Երևանի պատմության ընթացքում միակ քաղաքապետն է, որին սեփական թիմն է անվստահությամբ հեռացրել՝ պնդում է՝ տրանսպորտի բարեփոխումն իր օրոք է սկսվել, պարզապես կառավարությունն իրեն չէր աջակցում, խնդիրներ էր ստեղծում, հետո հեռացրին իրեն՝ ծրագրերը օդում թողնելով։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ վերադառնալու դեպքում ավարտին կհասցնի սկսածը:

«Դեռ ավարտված չի, դեռ բավականին շարժակազմ պետք է ձեռք բերենք, մենք դրա համար ենք ասում՝ մեր թիմը, մենք բոլորս գիտենք՝ դա ինչպես է պետք իրականացնել, մենք ուզում ենք մեր սկսածն ավարտել, դրա համար ուզում ենք նաև ժողովրդի աջակցությունը, որպեսզի մենք կարողանանք մեր սկսածն ավարտել: Ավարտի համար դեռ կա գործ անելու, այս պահին ավարտված չի, բայց արդեն բավականին թեթևացել է հոգսը ժողովրդի ու ամենակարևոր որակը: Երևանցիները եվրոպական զարգացած քաղաքների բնակիչների պես նստում են նորմալ ավտոբուսներ տեղափոխվում են, բայց դա դեռ ամենը չի, բավականին մեծ գործ կա անելու», - ընդգծեց Մարությանը:

«Երևանի ավտոպարկը պետք է փոխարինվի էլեկտրական շարժիչներով՝ պղնձի մագնիսական միջուկով», - համոզված է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյանը։ Եթե իր թիմը գա քաղաքային իշխանության գլուխ՝ Էլեկետրական շարժիչների արտադրություն կսկսեն, ապագան հոսանքինն է, ասաց նա։ Մյուս երկու թեկնածուների հետ համաձայն է՝ միակ ելքը նաև միասնական վճարային համակարգն է, բայց վճարի հարցն այլ պետք է լինի:

«Տարբերակված սակագին է լինելու, բաժանորդագրություն է լինելու, կապված են լինելու բոլոր տրանսպորտները միասին», - ասաց Զեյնալյանը:

«Փողոցում իրար բախված մեքենաները ժամերով չեն մնալու նույն տեղում, որ խցանումներ առաջացնեն»,- ասում է Զեյնալյանն ու վստահեցնում՝ գիտեն ինչպես փոխեն այդ ձևը, բայց փակագծեր չբացեց։ Տրանսպորտի համակարգի խնդիրներն ասաց՝ նոր չեն սկսվել, բայց իրենք դա արագ կլուծեն:

«Այս ամբողջի պատճառը եղել է այն, որ մենք տրամվայն ենք հանել Երևանից, որ մենք անհարմարավետ տրանսպորտ ենք ունեցել, մարդիկ չեն ցանկացել նստել «Գազել», այնուհետև տաքսիներն են եղել կեղտի մեջ կորած ու մարդիկ չեն կարողացել մաքուր հագուստով նստել տաքսու մեջ, մենք այս խնդիրները լուծելու ենք», - ընդգծեց Արտակ Զեյնալյանը:

«Փոքր կենտրոնում առավոտյան ժամը 07-ից մինչև գիշերվա 23։00-ն կարգելվի խանութների առաքումները»,- հայտարարում է «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն ու ընդգծում՝ այդպիսով աշխատանքային ժամերին կենտրոնում խցանումները կթեթևանան։

Կենտրոն մտնող մեքենաների մուտքը վճարովի կլինի, ավտոկայանատեղիների գները կբարձրանան և այս ամենից գոյացած գումարները կուղղվեն տրանսպորտին. այսպես Վիկտոր Մնացականյանը խոստանում է Երևանում տրանսպորտը անվճար դարձնել:

«Եթե 2000 պարկինգը օրական աշխատեն 8 կամ 10 ժամ 500 դրամով, այսինքն, մենակ մենք Կենտրոնով ու մենակ հարուստ մարդկանցով կարանք ամբողջ Երևանի հասարակական տրանսպորտը սարքել անվճար: Բայց սրա նպատակն այն չի, որ մենք ուզում ենք պատժել հարուստներին, սրա նպատակը, որ սրանք քայլեր են տրանսպորտի ռեֆորմի, որ քաղաքային իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ մարդիկ քիչ անձնական ավտոներ ձեռք բերեն: Ամեն անձնական ավտոն ենթադրում է մոտավորապես հիմա Երևանում 4 պարկինգ», - նշեց Մնացականյանը:

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը տրանսպորտի բարեփոխման հանձնաժողովի կազմում է եղել դեռ 2017-ից, ասում է՝ խորքից գիտի չլուծված խնդիրների պատճառը։ «Լուսավոր Հայաստանը» հաղթելու դեպքում խոստանում է Երևանում հիմնովին լուծել այս հարցն ու շատ արագ՝ 1 տարում լրացնել ևս 200 ավտոբուսի պակասը։

Մարդիկ մինչև ժամը 23։00-ը, որոշ ուղղություններով էլ կեսգիշերի 01:00-ն կկարողանան օգտվել ավտոբուսներից, իսկ Կենտրոնից օդակայան գնացող տրանսպորտը կաշխատի շուրջօրյա։ Սա էլ Դավիթ Խաժակյանն է խոստանում, նոր հեծանիվ հորինելու կարիք, ասաց, չկա, հորինողներն անիրատեսական խոստումներ են օդում հնչեցնում՝ վստահ է:

«Միասնական տոմսային համակարգը նոր տրանսպորտային համակարգի բաղադրիչներից մեկն է, դա ևս այսօր չունենք ներդրված, աշխատանքներ տարվում են, բայց սա դեռևս իրականացված չէ: Առանձնացված ավտոբուսային գծերը եթե չլինեն, մենք երբեք չենք կարողանա չվացուցակները կայունացնել: Եվ վերջապես, եթե մենք առ այսօր բողոքում ենք, որ վարորդները ծխում են, պարզ չէ, ի վերջո, այդ օդորակիչը պետք է միացված լինի, թե անջատված, նշանակում է, մենք վարորդների հետ աշխատանք չենք տարել», - ընդգծեց Խաժակյանը:

Օդային տրանսպորտը՝ ճոպանուղին կլուծի Երևանի խցանումների հարցը. վստահ է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանը։ Բացի այդ՝ Երևանը շրջանցող նոր ճանապարհներ են խոստանում կառուցել; Իսկ 94 կանգառով, Երևանի բոլոր թաղամասեր հասնող 7 ուղեգծերով ու 77 կմ երկարությամբ ճոպանուղիով, ըստ Թանիդլյանի, շատ էլ իրատեսական է տրանսպորտի խնդիրը լուծել։

«Ֆրանսիայի հրապարակից 7 գծով բոլոր շրջանները պիտի միավորվեն ուղիղ գծով, ինչպես նաև դեպի քաղաքի կենտրոն եկող, այսինքն, դու քաղաքի կենտրոն գալու համար էլ կարիք չունես տրանսպորտ սպասել, ոչ էլ սեփական մեքենան բերել, կգաք ճոպանուղիով, իսկ այդտեղ նաև Ֆրանսիայի պուրակը կկառուցենք, որը քայլելու պուրակ է լինելու: Այսինքն՝ մենք խրախուսելու ենք, որ մարդիկ հրաժարվեն անձնական մեքենայից, դրա արդյունքում մենք կկարողանանք առանձնացված գծեր տրամադրել տրանսպորտներին, որը ժամանակին կկարողանա հասնել ճիշտ տեղեր», - ասաց Թանդիլյանը:

Կանեն, եթե երևանցին իրենց ընտրի ասում են այս բոլոր խոստումները լսող երևանցիները քվեխցիկներ կմտնեն սեպտեմբերի 17-ին՝ ընտրելու ավագանուն, որն էլ հետո իր կազմից քաղաքապետ կընտրի։