Այսօր վաղ առավոտյան Արցախի նախագահականում էին Հակարիի անցակետից առևանգված արցախցի երեք ուսանողների ծնողները։ Արցախի նախագահն էր գիշերային հավաքի ժամանակ նրանց հրավիրել, թե հուսադրող լավ բաներ ունի ասելու:
«Ես կփորձեմ առաջին հերթին կապ ստեղծեմ, որպեսզի խոսենք մեր բալիկների հետ, և նաև իրանց ներկայությամբ ստանամ հստակ օր, որը շատ երկար չի լինելու, շատ կարճ է լինելու, նրանք տեղ են հասնելու: Եվ անձամբ իրենք կլսեն այդ պաշտնոյայից, ով բերելու է մեր բալիկներին թողնելու է Ստեփանակերտ», - ասաց Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանը երաշխավորեց՝ իր խոսքով՝ «մեր բալիկներին բերելու են թողնեն Ստեփանակերտում»։ Արցախի նախագահականը այսօր որևէ տեղեկություն չտրամադրեց՝ արդյոք ծնողները կապ են հաստատել իրենց որդիների հետ, ով ու երբ է վերադարձնելու տղաներին։ Տղաների մտերիմներից տեղեկացանք՝ այս հարցերի պատասխանները ծնողներն իրենք էլ չեն ստացել։
Երեկ կեսօրին Հակարիի անցակետից ադրբեջանցի սահմանապահները առևանգեցին Արցախի Մարտունի քաղաքի երեք բնակիչների՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին։ 20-22 տարեկան տղաներ, որ գալիս էին Երևան կրթությունը շարունակելու։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ տղաները երկու տարի առաջ «անարգել են ադրբեջանական դրոշը», մեղադրանքին էլ կցել են մի տեսանյութ։ Ավելի ուշ հայտարարեցին, թե արցախցի երեք երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել են։ Ըստ Ադրբեջանի դատախազության՝ հումանիզ են դրսևորում, հաշվի առնելով տղաների տարիքը և նրան անկեղծ զղջումը։ Նրանք 10 օրով կազատազրկվեն ու կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համարԱյսօր Հակարիի ադրբեջանական անցակետով հայկական երթևեկ չի եղել։ Արցախի օմբուդսմենի կարծիքով՝ առանց անվտանգության երաշխիքների թե՛ ռուս խաղաղապահները և թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է դադարեցնեն այդտեղով մարդկանց փոխադրումը։
«Բազմիցս տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին և ռուսական քաղաքական ղեկավարությանը ներկայացրել ենք, որ տեղադրված անօրինական անցակետը ծառայելու է որպես գործիք ադրբեջանական կամայական հանցագործությունների համար», - ասաց Գեղամ Ստեփանյանը:
Բողոքի ակցիա Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև՝ տղաներին վերադարձնելու պահանջով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև այսօր բողոքի ակցիա էր՝ տղաներին վերադարձնելու պահանջով: «Նրանք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ էին Երևան գալիս. կատարեք ձեր հանձնառությունը», - ռուսներին է դիմում Արեգա Հովսեփյանը:
«Ոչ ոք չի մոռացել Վագիֆի դեպքը, Ռաշիդի, ոչ ոք չի մոռացել Հելենի դեպքը, ոչ ոք չի մոռանում տղաների դեպքերը, այսինքն, ինչպես տեսնում ենք, դեպքերն անընդհատ կրկնվում են ու կանխելու ոչ մի մեխանիզմ մենք չենք տեսնում», - նշեց նա:
Այսօր, երեկ, 9 ամսի շարունակ պահանջում ենք՝ միջանցքը պիտի բաց լինի հայերի համար, բայց օր օրի իրավիճակը միայն վատթարանում է, ասում է Սերոբ Նալթակյանը՝ նշելով. - «Ստացվում է միկ անօգնական վիճակ Արցախի ժողովրդի մոտ, այսինքն, անգամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժը կարող է ունենալ շատ վատ հետևանքներ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում»․ Հելենի մայրը բաց նամակով դիմում է Փաշինյանին, ՄիրզոյանինԱնցակետով անցնող բոլոր հայերի գլխին է այդ վտանգը. ըստ Նալթակյանի, Արցախում ու Հայաստանում ով չի ձայն կամ զենք բարձրացրել Արցախի պաշտպանության համար:
Հավաքին նաև Լաչինի փակ միջանցքի այս կողմում մնացած մարտունեցիներ են, առևանգված տղաների համաքաղաքացիները:
Հավաքվածները երթով գնացին նաև դեպի կառավարության շենք՝ Հայաստանի իշխանություններին հիշեցրին արցախցիները Հայաստանի Հանրապետության կապույտ գույնի անձնագրեր ունեն:
«Այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը այն մարմինն է, ով չի պաշտպանում իր 120 հազար քաղաքացիներին: Երբևէ կարդացե՞լ եք, թե ինչ է գրված Հայաստանի Հանրապետության անձնագրի կազմում՝ անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը: 120 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենթարկվում են ցեղասպանության», - հայտարարեցին նրանք: