Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երաշխավորում է՝ Լաչինի միջանցքից առևանգված երեք ուսանողները շատ շուտով կլինեն Ստեփանակերտում։
«Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ՝ առանց բարձրաձայնելու», - երեկ ուշ երեկոյան խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակաում հավաքվածներին ասել է Արցախի նախագահը՝ շարունակելով․ - «Ես կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ և իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որը շատ երկար չի լինելու, որ նրանք տեղ են հասնելու, նրանք անձամբ կլսեն այդ պաշտոնյայի անունից, ով բերելու է, թողելու է մեր բալիկներին Ստեփանակերտում, ես դա երաշխավորում եմ»։
Նա նաև նշել է, թե քննարկվել է նախագահի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցը։ «Վաղը, մյուս օրն ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,- ասել է Հարությունյանը։
Ադրբեջանական կողմը երեկ Լաչինի անցակետում առևանգել է Հայաստան մեկնող երեք երիտասարդի։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ձերբակալված Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ: Տղաները Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար