«Ադրբեջանը շարունակում է իր վրդովեցնող պահվածքը»․ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցողով։

«Թվիթերում» ԱՄՆ Սենատորը, մասնավորապես, գրել է․ - «Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է իր վրդովեցնող պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության սահմանափակմանը և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է», - գրել է Մենենդեսը՝ կից տարածել նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։

Ադրբեջանական կողմը երեկ Լաչինի անցակետում առևանգել է Հայաստան մեկնող երեք երիտասարդի։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ձերբակալված Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ: Տղաները Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար