Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, որ քարոզարշավի 6-րդ օրը միայն դուրս եկավ բակային հանդիպումների Աջափնյակում, վստահեցնում է՝ վերադառնում է շարունակելու սկսածը։ Իսկ ինչու գնացի՞ք. չգնացի՝ հանեցին,- քաղաքացու կարճ ռեպլիկից հետո Մարությանը բացատրեց՝ ինչու իշխանությունը իրեն հեռացրեց։
«Ինչո՞ւ են հանել, որովհետև այդ մարդկանց հետ երբ ես աշխատում էի, այդ մարդիկ իրենց անձնական և խմբակային շահերն են հետապնդում։ Գիտեք՝ դա ոնց է լինում՝ ծանոթ, բարեկամ, քավոր, սանիկ և այլն։ Ես ասացի՝ ժողովո՛ւրդ, մենք մեր ժողովրդին 18 թվականի հեղափոխության ժամանակ ինչ ենք հայտարարել, ինչ սկզբունքների մասին ենք խոսել, նույնը պետք է պահենք։ Ես ինչ ասել եմ, բառ-բառ, նախադասություն առ նախադասություն սկզբունքները պահել եմ մինչև վերջ», - ասաց նա։
Ջուր չկա, վերելակները վատ են աշխատում. աջափնյակցիների թվարկած խնդիրները շատ էին։ Նախկին քաղաքապետն էլ ասաց, որ դրանց մեծ մասին տեղյակ է, լուծման տարբերակներն էլ ունի։ Իսկ ընտրվելու դեպքում կկարողանա՞ աշխատել իրեն գործից հանած Փաշինյանի թիմի հետ։
«Հարյուր օրինակներ կան ամբողջ աշխարհում, որ կառավարությունը մի կուսակցություն է, քաղաքապետարանը այլ կուսակցություն է։ Երկրորդը՝ ես կարծում եմ՝ եթե լինի ընդդիմադիր ուժը քաղաքապետարանում, այսինքն՝ երկու կոնկուրենտ ուժեր են, և այդ դեպքում ոչ թե վնաս կլինի, այլ հակառակը՝ օգուտ կլինի՝ ամեն մի քաղաքական ուժ կփորձի իր մաքսիմալն անել, որպեսզի ապացուցի ժողովրդին, որ ինքն ավելի լավ է աշխատում»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի թիմակիցների մի քանի օր առաջ տարածած հոլովակից Հայկ Մարությանն անհետացել էր, նրա փոխարեն տեսանյութում մոնտաժի միջոցով ջրի բաժակ է հայտնվել։ Ֆոտոշոփի պատմությանը հաջորդեց իշխող ՔՊ-ի լիդերներից Վահագն Ալեքսանյանի ներողությունը։
«Ազատության» հետ զրույցում Մարությանն, այդուհանդերձ, արձագանքեց՝ ազնիվ պայքար չէ մրցակցի նկատմամբ. - «Շատ ցավում եմ, որ մեր օպոնենտներն անգամ այդպիսի՝ գոտկատեղից ներքև մեթոդների են սկսել արդեն գնալ, բայց ես կարծում եմ՝ դա եզակի դեպք կլինի, և կգանք նորմալ քաղաքական դիսկուսի և պրոցեսների հունի մեջ»։
Հարցին, թե տեսնո՞ւմ է ընդդիմադիր կամ գուցե իշխանական թեկնածուների շրջանակում մեկին, ում հետ կոալիցիա կկազմեն, ասաց. - «Ժողովուրդը կորոշեի՝ 50+ հավաքում ենք, թե ոչ, մենք հույսեր ունենք, որ հավաքելու ենք, բայց այնուամենայնիվ, եթե որոշում կայացնի ժողովուրդը, որ չենք հավաքում 50+, եթե խոսքը գնումէ հետագա պրոցեսների մասին, երկու բան, որ մենք բացառում ենք, բացառում ենք համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և հին իշխանությունների հետ»։
Ծրագրերը շատ են, մութ ու խութ տեղերը գիտեն։ «Ազատության» հետ զրույցում, սակայն, Մարությանը ընդգծեց՝ մայրաքաղաքի լրջագույն խնդիրը էկոլոգիան ու անվտանգությունն են. մնացածը դրանցից եէ բխում։
Իսկ ինչո՞ւ քարոզարշավից 6 օր անց որոշեց երևանցիների հետ զրուցել, Հայկ Մարությանն ասում է՝ մարտավարություն է. - «2023 թվականին պետք չի շարժվել 1965 թվականի ստրատեգիաներով»։
Ամենօրյա ակտիվ քարոզարշավից փոխարենը չի հրաժարվում արձակուրդ վերցրած, սակայն քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստ բաց չթողած Տիգրան Ավինյանը։ Այսօր Ավինյանը Նորք Մարաշում էր, նախ բակային հանդիպում, հետո՝ հանրահավաք։
«Պահանջեք մեզանից, հանձնարարեք մեզ, մենք ծառայում ենք ձեզ», - հայտարարեց նա։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Շենգավիթում էր։
«Այս ծավալի վարչական ռեսուրս ես երբևէ չեմ տեսել, որ օգտագործվի։ Անկարելի է և ամոթաբար դա անելն ու բացատրելը, հետո արդարացնելը, նման տրյուկներով, թե իբրև գիտեք՝ մենք սա աշխատաքն ենք կատարում։ Ես ասել եմ ու կասեմ՝ որևէ մեկ այլ փոխքաղաքապետի որևէ մեկը չի ճանաչում, ի՞նչ է, որևէ մեկն էլ չի աշխատում։ Հեռացրեք աշխատանքից բոլորին, այլ ոչ թե ամբողջով, բոլորով զբաղվեք մեկ հոգու քարոզարշավով։ Սա երևանցու գրպանից, ՀՀ գրպանից իրենց քարոզարշավի բյուջեին է գնում միայն», - ասաց նա։
Այս կուսակցությունը շեշտը հիմնականում դնում է Արցախի թեմայի վրա։ Այսօր Լաչինի միջանցքում 3 երիտասրադի առևանգմանն անդրադառնալով՝ քաղաքապետի թեկնածուն առիթը բաց չթողեց քննադատելու Հայաստանի իշխանությանը Արցախի հարցում ամեն ինչ ձախողելու և օրհասական իրավիճակ ստեղծելու համար. - «Հիմա էլ խորացնում ու փորձում են փակել բոլոր հնարավորությունները»։
Հերթական տեսահոլովակն այսօր «Մայր Հայաստանից»՝ մշակույթից անցում սպորտին։ Նախորդ տեսահոլովակում երգող ու կիթառ նվագող քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն այս անգամ վազում է, որդու հետ ֆուտբոլ խաղում, մարզասրահում պարապում, պատմում ընտանիքից, սիրված գրքերից՝ առանձնացնելով Դոսոտևսկու «Կարամազով եղբայրներին»։
«Լուսավոր Հայաստանն» այսօր հանգստանում է քարոզարշավից, երեկ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում էին՝ բնակիչների հրավերով։
Ջրի խնդիրն այստեղ օրհասական է, երազանք, քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանին բացատրեցին բնակիչները։
«Ես քաղաքապետարանի ավագանու անդամ եմ, ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ եմ ու հարցին այսպես եմ նայում՝ երբ կա հարց, ես նայում եմ՝ մենք բյուջեով ինչ ունենք նախատեսած, մենք ջրագիծ էլ ունենք նախատեսած, ամեն ինչ էլ ունենք նախատեսած», - արձագանքեց Խաժակյանը։
Ֆեյսբուքյան զրույցներ էր երեկ ամբողջ օրը վարում «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը։
«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանն այսօր Նոր Նորքում էր, «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Զեյնալյանն՝ Ավանում։ Մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի պասիվ քարոզարշավ են անում՝ սոցիալական ցանցերում իրենց հարցազրույցների հղումները տարածելով։