Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ըստ հաղորդագրության, Ալեն Սարգսյանը մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ», - ասված է հաղորդագրությունում:
Հուլիսի վերջին էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն էր առևանգվել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: Դրանից մի քանի օր անց էլ ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալվել էր Ռաշիդ Բեգլարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին հինգ օրում երկրորդ արցախցին է Բաքվի իրավապահների հսկողության ներքո հայտնվում