Այսօր Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից 6 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Լեռնային Ղարաբաղի առողջապահական գերատեսչության փոխանցմամբ, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են Հայաստան բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, ասված է հաղորդագրությունում: