Հաղորդվում է Ղրիմում՝ Մայակ գյուղի մոտ, ավիացիայի մասնակցությամբ մարտերի մասին

Բռնակցված Ղրիմում` Մայակ գյուղի մոտ, այսօր մարտ է տեղի ունեցել ջրային նավերի և ավիացիայի մասնակցությամբ, լսվել են պայթյուններ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հաստատել է մարտի մասին տեղեկությունը։

«Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումները հատուկ գործողության առաջադրանքներ են կատարել», - ասել է նա, մանրամասներ չի հայտնել, միայն հավելել է, թե ուկրաինական կողմն այդ մարտի ընթացքում զոհեր չի ունեցել։

Հրապարակված տեսանյութում, որն, ուկրաինական հետախույզների պնդմամբ, նկարահանվել է Ղրիմում, ուկրաինացի զինվորականներն ասում են. «Ուկրաինական Ղրիմում կրկին ծածանվում է պետական դրոշը, ուկրաինացիները Ղրիմի Ելենովկա և Մայակ բնակավայրերի տարածքում մարտի մեջ են մտել ռուսական ուժերի հետ»։

Ռուսաստանը տեղեկությունը պաշտոնապես չի մեկնաբանել։

Մայակ գյուղում տեղակայված է ռուսական 3-րդ ռադիոտեխնիկական գնդի հենակետը։ Ինչ էին անում այնտեղ Ուկրաինայի հատուկ ուժերի ներկայացուցիչները հայտնի չէ, երեկ ուկրաինական հետախուզությունը հայտնել էր, թե Ղրիմում ոչնչացվել է ռուսական C-400 համալիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռային հարձակում Դնեպրի վրա, 7 մարդ վիրավորվել է

Ուկրաինան այսօր նշում է անկախության 32-րդ տարեդարձը։ Սա Ուկրաինայի անկախության երկրորդ տարին է՝ ռուսական լայնածավալ ներխուժման պայմաններում: Երկրի քաղաքների մեծ մասում այս օրը տոնին նվիրված զանգվածային միջոցառումներ չեն անցկացվում։ Կիևում շքերթի փոխարեն Կրեշչատիկում ոչնչացված ռուսական տեխնիկայի ցուցահանդես է։

Իր ուղերձում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր ուկրաինացիներին տոկունության համար՝ հատկապես նշելով նրանց, «ում մասին առայժմ չի կարելի խոսել, որոնց անունները հայտնի են միայն մի քանիսին, բայց նրանց աշխատանքը նկատելի է բոլորի համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հաստատել է, որ ռուսական ուղղաթիռը վայրէջք է կատարել Ուկրաինայի օդանավակայանում

«Այսօր մենք նշում ենք մեր անկախության՝ Ուկրաինայի անկախության 32-րդ տարեդարձը։ Ազատ մարդկանց տոն, ուժեղ մարդկանց տոն, արժանի մարդկանց տոն։ Սա արժեք է մեզանից յուրաքանչյուրի համար, և մենք պայքարում ենք դրա համար։ Եվ այս պայքարում բոլորը կարևոր են, քանի որ այս պայքարը բոլորի համար կարևորի համար է՝ անկախ Ուկրաինայի համար», - ասել է նա։

Ուկրաինայի ժողովրդին անկախության տոնի առիթով այսօր շնորհավորել են տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Բելառուսի նախագահը։

Ռուսական ուժերն էլ այս գիշեր կրկին ռմբակոծել են ուկրաինական քաղաքները, հարվածի տակ էին Դնեպրը և Խերսոնը։ Հրթիռային հարվածի հետևանքով կան ավերածություններ, վիրավորվել է յոթ մարդ։

Մինչ այդ ճակատի հարավային հատվածում ուկրաինացիները առաջ են գնում։ Ուկրաինայի զինված ուժերի 47-րդ բրիգադի զինծառայողները երեկ երեկոյան իրենց Տելեգրամ ալիքում գրել էին, թե ազատագրել են Զապարոժեի մարզի Ռաբոտինո գյուղը, որի համար մի քանի ամիս ինտենսիվ մարտեր էին ընթանում։ Զինվորականների հրապարակած լուսանկարներից մեկում ուկրաինական դրոշը ծածանվում է տեղի ավերված դպրոցի շենքի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական և ռուսական կողմերը հաղորդում են օդային նոր գրոհների, զոհերի ու ավերածությունների մասին

Երեկ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները գրել էին, թե ուկրաինացիները Մելիտոպոլի ուղղությամբ հաղթահարել են հսկայական ականապատ դաշտերն ու ճեղքել ռուսական պաշտպանության առաջին գիծը։

Նորվեգական մեդիան հայտնում է, որ Նորվեգիան Միանում է «F-16 կոալիցիային» և ամերիկյան այդ կործանիչները կփոխանցի Ուկրաինային։ Դեռ հայտնի չէ, թե քանի օդանավի մասին է խոսքը։ Ավելի վաղ Դանիան համաձայնել էր Ուկրաինային փոխանցել 19 F-16, իսկ Նիդեռլանդները՝ 46։ Ամեն դեպքում ռազմական վերլուծաբանների պնդմամբ՝ ամերիկյան գերժամանակակից այդ կործանիչները ուկրաինական բանակը կկարողանա օգտագործել եկող տարվա գարնանից ոչ շուտ։