Կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը. ՌԴ վարչապետ

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, չնայած արտաքին տնտեսական ծանր իրավիճակին, Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպմանն ասել է Ռուսաստանի գործադիր մարմնի ղեկավարը։

Միխայիլ Միշուստինը Ծաղկաձոր է ժամանել այսօր՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, կառավարության լրատվականի հաղորդմամբ, նա կարևորել է երկու երկրների առևտրատնտեսական կապերի ամրապնդումը։

«Առևտուրն աճում է, և դա մեզ ուրախացնում է, այդ թվում` կա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը։ Մենք այստեղ արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության աճ», - ասել է Միխայիլ Միշուստինը։

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Վերին Լարսի անցակետի նոր ուղիների բացման համար։

Այնուհետև, Միշուստինը շեշտել է, որ հումանիտար ոլորտում նույնպես ակտիվ աշխատում է տարվում։ Ըստ նրա՝ Հայաստանում ավանդական մեծ հետաքրքրություն կա ռուսական բարձրագույն կրթություն ստանալու հարցում։

«Ավելի քան 5000 հայ ուսանող է սովորում Ռուսաստանի համալսարաններում։ Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը։

Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկվել են այն տարրերը, որոնք կապված են դասավանդման որակի բարձրացման, նոր դպրոցների կառուցման հնարավորության հետ։ Եվ այստեղ մենք նույնպես ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ հանրապետության բոլոր դպրոցների համար կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք։ Մենք հենց այս մասին էինք խոսում Ձեզ հետ, Դուք այդ մասին խոսել եք նաև նախագահի հետ», - ասել է նա։

Ռուսաստանի վարչապետը նաև ասել է, որ հանդես են գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների համաձայն։

«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև», - նշել է նա։