Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձն է։
Օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ մասնավորապես, նշելով, որ Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով դրվեց այսօրվա պետականության հիմքը։
«Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի», - ասել է գործադիրի ղեկավարը։
Ընդգծելով, որ 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել է ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», Փաշինյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության՝ շեշտելով՝ որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով:
«Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև, եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում: Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը», - իր ուղերձում ասել է Փաշինյանը։
Օրվա առթիվ ուղերձներ են հղել նաև Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով, ճիշտ է, չհայտարարվեց անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադրման մասին, սակայն, ինչպես նշված է 12 կետանոց փաստաթղթում, «հռչակվում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։ Երկրի անկախության հռչակումը տեղի ունեցավ մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանին է վստահվել երկու անգամ խորհրդարանի ամբիոնից ընթերցել օրենսդրի պատմական որոշումները։