Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել հաջորդ ամիս՝ քննարկելու հացահատիկի գործարքը, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Սեպտեմբերին Հնդկաստանում տեղի կունենա G20-ի հանդիպումը, իսկ ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Եթե այս լարված գրաֆիկում մենք հնարավորություն գտնենք, ապա դեմ առ դեմ կհանդիպենք և կխոսենք պարոն Պուտինի հետ: Մեր նպատակը Ռուսաստանի դրականն վերաբերմունքն է հացահատիկի գործարքին»,- ասել է Էրդողանը և տեղեկացրել , որ առաջիկայում Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը կարող է ժամանել Ռուսաստան։
Էրդողան – Պուտին հնարավոր հանդիպումը ակնկալվում էր այս ամսվա սկզբին։ Թուրքական աղբյուրների տեղեկություններով՝ Էրդողանը ակնկալում է, որ Պուտինը կժամանի Թուրքիա, ինչը Կրեմլը չէր հաստատում։
Օգոստոսի 2-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի մասին թուրքական կողմից հաղորդագրության մեջ նշվել է, որ «կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին»։