Մոսկվայի մերձակայքում առավոտյան երկու անօդաչու է վնասազերծվել

Ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարք, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է Մոսկվայի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարքի վնասազերծման մասին:

Հայտարարությանունում ասվում է. - «Օգոստոսի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:16 Կիևի ռեժիմի կողմից ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրա շրջանի տարածքում»։

Այսօր ավելի վաղ գերատեսչությունը հաղորդել էր ժամը 6:50-ի սահմաններում ՀՕՊ ուժերի կողմից Մոսկվայի շրջանի տարածքում ևս մեկ անօդաչու թռչող սարք հայտնաբերելու և ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով ճնշելու մասին։ Կորցնելով կառավարումը՝ անօդաչուն վթարի է ենթարկվել, տուժածներ չկան, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Պաշտպանության նախարարության համաձայն՝ դրոնն ընկել է Պոկրովսկոյե գյուղի մոտ՝ Մոսկվայից մոտ 65 կիլոմետր դեպի արևմուտք։ Իստրա շրջանն ավելի մոտ է Մոսկվային։

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում դադարեցվել են թռիչքները: «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունումն ու ճանապարհումը ժամը 8:30-ից, սահմանափակումները հանվել են, գրում է "Коммерсантъ"-ը՝ վկայակոչելով օդանավակայանների ներկայացուցիչներին։

Հեռուստահաղորդավար, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնում է, որ առավոտյան Մոսկվայի մարզում խոցված անօդաչուն ընկել է իր տան մոտ։ «Իստրա թաղամասում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում։ Շնորհակալություն մեր հակաօդային պաշտպանությանը, որ զոհեր և ավերածություններ չկան», - գրել է նա իր Տելեգրամ ալիքում՝ հրապարակելով լուսանկար։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ երկու մարդ վիրավորվել է Իստրայում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անօդաչուն կրկին հասել է Մոսկվայի կենտրոնՄոսկվայի բոլոր 4 օդանավակայանները գիշերը ժամանակավոր փակվել էին