«Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ», - հաղորդում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Նրա փոխանցմամբ՝ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի արցախցի մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:
«Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից» - գրում է Բեգլարյանը:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ «այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արցախցիների փրկության պատասխանատվությունն արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է»