Արայիկ Հարությունյան. ՄԱԿ ԱԽ նիստը լակմուսի թուղթ է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին», - երեկ երեկոյան՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ նիստից առաջ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար», - ասված է հայտարարությունում:

«Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան», - նշել է Հարությունյանը՝ վստահեցնելով. - «Մեր ժողովրդի կենսագործունեության համար բավարար ու բարենպաստ միջավայր և միջազգային երաշխիքներ ապահովելուց հետո մենք պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում»:

«Մենք բազմիցս ենք ընդգծել մեր դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ցեղասպանության կանխարգելման սկզբունքների վրա: Ընդ որում, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ուստի, անտեղի են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հակադրման փորձերը», - ասված է հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվիՄիրզոյան. Ցեղասպանության կանխումը ՄԱԿ-ի և ԱԽ-ի հիմնական պարտականությունն է