Այսօր ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
Այլ հաղորդագրություններով Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե իբր այսօր ժամը 17-ի և 18:20-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել», - նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված հայաստանցի պահեստազորային Գ. Ո.-ն ձերբակալվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հաստատել է տեղեկությունը՝ նրան անվանելով «դիվերսանտ»։ Ըստ Բաքվի՝ ձերբակալվածը Գագիկ Ոսկանյանն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինծառայողները ձերբակալել են հայ պահեստազորայինին, հայտնում է ՊՆ-ն. Բաքուն ևս հաստատում է