Կիևը «բացարձակ անընդունելի» է համարում որոշակի տարածքներ զիջելու դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու խոսակցությունները

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկո, արխիվ

Կիևը «բացարձակապես անընդունելի» է համարում Ուկրաինայի՝ որոշակի տարածքներ զիջելու դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ խոսակցությունները: Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի այս հայտարարությունը հաջորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ստիան Յենսենի հարցազրույցին։

Դաշինքի պաշտոնյան, ըստ մամուլի հրապարակումների, ասել է, թե իր կարծիքով՝ պատերազմի ավարտի փուլերից մեկը կարող է լինել Ուկրաինայի հրաժարումը իր տարածքի մի մասից՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դիմաց։

«Ես միշտ ենթադրել եմ, որ Դաշինքը, ինչպես Ուկրաինան, տարածքների առևտուր չի անում: ՆԱՏՕ-ի պաշտոնյաների գիտակցաբար կամ անգիտակցաբար մասնակցությունը Ուկրաինայի՝ իր տարածքները լքելու հնարավորության մասին խոսույթի ձևավորմանը Ռուսաստանի շահերից է բխում», - ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 10-կետանոց խաղաղության ծրագիրը նախատեսում է, մասնավորապես, որ Մոսկվայի հետ ցանկացած բանակցություն կարող է սկսվել միայն Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքների, այդ թվում՝ բռնակցված Ղրիմի վերադարձից, բոլոր օկուպացված շրջաններից ռուսական զորքերի դուրսբերումից հետո: