Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր Պաշտպանության բանակը տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար», - ասված է ՊԲ-ի հաղորդագրության մեջ:
«Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը, հրադադարի խախտումների և քաղաքացիական օդանավերը ՌԷՊ միջոցներով թիրախավորելու Արցախի ՊԲ-ին հասցեագրված բացարձակապես սուտ մեղադրանքները, ինչպես արդեն նշել ենք նախկինում, նպատակ ունեն շեղել միջազգային ուշադրությունը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից, հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և տեղեկատվական հենք ստեղծել ապագա սադրանքների համար», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության այսօր արած այլ հայտարարության մեջ։
Սրանց հետևել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հերթական հաղորդագրությունը, որով կառույցը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում «ապօրինի կազմավորումներն ու հայկական զինուժի մնացորդները ամրապնդում են մարտական դիրքերը անձնակազմով և զինամթերքով, ինչպես նաև պատրաստում են նոր պաշտպանական գծեր, խրամատներ, մշտական ամրություններ և ականապատում են տարածքներ»։
Բաքուն նաև պնդում է, թե իբր Արցախի զինված ուժերը «մի քանի բնակավայրերում տեղակայել են տարբեր նշանակության զինտեխնիկա, հատկապես հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային հակաքայլեր, զանգվածաբար զինում է խաղաղ բնակչությանը»։ «Կրակային դիրքերը հաճախ դիտավորյալ տեղադրվում են բնակելի շենքերի մոտ»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Տարածած հայտարարությամբ ադրբեջանական կողմը Արցախի զինված ուժերին մեղադրում է «նոր սադրանքների պատրաստվելու» մեջ և զգուշացնում՝ ցանկացած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։