Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող:
Հաղորդագրությունում նշված է, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
ՔԿ-ն հայտնում է, որ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր