Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու Քեյնը տեղափոխվում է «Բավարիա»

Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը տեղափոխվում է գերմանական «Բավարիա», հաղորդել է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Քեյնի հետ քառամյա պայմանագիր է կնքվել։

«Ես երջանիկ եմ մաս կազմել աշխարհի խոշորագույն ակումբներից մեկին», - հայտարարել է Քեյնը։

Անգլիացի ֆուտբոլիստը 2011 թվականից ի վեր խաղում էր լոնդոնյան «Տոտենհեմի» կազմում։ Ակումբում խաղալու 12 մրցաշրջանների ընթացքում Հարի Քեյնը 435 պաշտոնական հանդիպման է մասնակցել՝ 280 գոլի հեղինակ դառնալով։

Քեյնը նաև Անգլիայի հավաքականի առաջատարներից մեկն է։ Ազգային հավաքականի կազմում նա 84 խաղի է մասնակցել՝ 58 գոլ խփելով։ Այս ցուցանիշի շնորհիվ Քեյնը անգլիական հավաքականի կազմում երբևէ խաղացած ամենաարդյունավետ ռմբարկուն է ճանաչվել։