Ռուսաստանը շարունակում է ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը, իր երեկոյան ուղերձում նախագահ Զելենսկին խոսել է նաև Զապորոժիե քաղաքին «Իսկանդեր»-ով հարվածելու մասին, ի դեպ, քաղաքը ռուսների վերահսկողության տակ գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանից 50 կիլոմետր հեռավորության վրա է:
«Այսօր ռուս ահաբեկիչները կրկին հարվածներ են հասցրել Զապորոժիեին՝ հարվածել են քաղաքացիական կառույցներին, վնասել եկեղեցին, բնակելի շենք», - նշել է Զելենսկին։
երեկվա հրթիռակոծություն հետո Զապորոժիեում երեք խաղաղ բնակիչ է զոհվել, 11-ը՝ այդ թվում մանկահասակ երեխա, վիրավորվել։
Իր հերթին՝ Ռուսաստանի տարածքը ամենօրյա ռեժիմով անօդաչուների հարվածի տակ է։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այսօր հայտնել է, որ ՀՕՊ-ը երկու անօդաչու թռչող սարք է խոցել Մոսկվային մոտենալիս։ «Վնուկովոն» և «Դոմոդեդովոն» օդանվակայանները այս գիշեր և առավոտյան այդ անօդաչուների պառճառով սահմանափակումներով էին աշխատում։
Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հետ է մղել 11 անօդաչու թռչող սարքերի հարձակումը բռնակցված Սևաստոպոլում։
Մինչ այդ Ռուսաստանի քննչական կոմիտեն ստուգում է Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս երեք անհետ կորածների մասին տեղեկությունները, վերջին պաշտոնական տվյալներով, անհայտ է 12 մարդու ճակատագիրը։
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 60-ը։
Պայթյունը Սերգիև Պոսադում տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, քննիչների տվյալներով, Piro-Ross ընկերության պիրոտեխնիկայի պահեստում, որը գտնվում էր Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանի մոտ։ Արդյունաբերական անվտանգության պահանջները խախտելու քրեական գործով կալանավորվել է ընկերության տեխնիկական տնօրեն Սերգեյ Չանկաևը։ Պայթյունից հետո լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել տեղի ունեցածի պաշտոնական վարկածի անհամապատասխանություններին։ Տարբեր աղբյուրներ էլ գրում են, թե պայթյունից առաջ մարդիկ լսել են անօդաչուի ձայն։
Կատաղի մարտերը ռազմի դաշտում շարունակվում են
Մինչ այդ կատաղի մարտերը ռազմի դաշտում շարունակվում են, ուկրաինացիները գրոհում են Բախմուտի շրջանում և հարավում։
Ուկրաինացի զինվորականները առաջ են շարժվել հարավային ճակատում գտնվող այսպես կոչված «Վրեմևսկի» գծով, ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը առաջ են շարժվել Ուրոժայնոյեի ուղղությամբ՝ Ստարոմայորսկից հարավ և հարավ-արևելք և ամրացել են այդ դիրքերում։
Բացի այդ, ուկրաինացի զինվորականները շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել Բախմուտից հարավ։ Կուպյանսկի և Լիմանսկի ուղղություններով էլ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հետ մղել ռուսների ինտենսիվ գրոհները։
Ուկրաինայի Իշխանությունները պարտադիր տարհանումներ են սկսում Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի 37 բնակավայրերից՝ ռուսական հրետակոծությունների պատճառով, հայտնել է Կուպյանսկի ռազմական վարչակազմին։
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ սկսել ՌԴ հետ միջնորդի միջոցով. Կուլեբան
Անցած տարվա փետրվարին սկսված ռազմական գործողությունները ոչ միայն չեն դադարում, այլ էլ ավելի ինտենսիվ են դարձել վերջին շրջանում: Արևմտյան մամուլը գրում է, թե չնայած ուկրաինական հակահարձակման սպասվածից համեստ արդյունքների, արևտմյան օգնությունը Ուկրաինային չի դադարում․ Պաշտոնական Կիևն էլ կրկնում է իր պահանջը։
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության հետ միջնորդի միջոցով, բայց միայն ռուսական զորքերի դուրսբերումից հետո, իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Կուլեբան։
«Մենք կարող ենք Ռուսաստանի հետ բանակցել այն բանից հետո, երբ նրանց զորքերը դուրս բերվեն մեր հողերից, բայց ոչ Պուտինի հետ։ Այս նպատակին կարելի է հասնել պատերազմի և դիվանագիտության համատեղման միջոցով։ Առաջինով զբաղվում են մեր գեներալները, նրանց խնդիրն է ռուսներին մղել նահանջի ու հասկացնել նրանց, որ ավելի լավ է խոսել, քան կռվել:
Պուտինի հետ, նրա խոսքով, Ուկրաինան այլևս պատրաստ չէ խոսել որևէ բանի մասին, սակայն «երրորդ կողմի միջնորդությունը հնարավոր է. - «Մեզ համար պարզ է, որ մենք երբեք չենք կարողանա Պուտինին և Զելենսկին տեսնել նույն սեղանի շուրջ»:
Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է այսօր բանակցություններ սկսել մինչ ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը, Կուլեբան պատասխանել է, թե դա կախված է հանգամանքներից։