«Ավազակապետությունը պատասխան հարված է հասցնում», - այսպես է վերնագրել ամերիկյան Washington Post-ը օգոստոսի 6-ին հրապարակված խմբագրականը, որը նվիրված է Ադրբեջանի ներքաղաքական վերջին զարգացումներին՝ մասնավորաբար ընդդիմադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։
«Իբադօղլուն արդարացի մի հարց էր հնչեցնում՝ ինչո՞ւ Ադրբեջանի նավթային հարստությունները չեն հանգեցրել ավելի բարեկեցիկ կամ ժողովրդավարական երկրի ձևավորմանը։ Այժմ Իլհամ Ալիևը նրան պատասխան հարվածն է հասցնում», - գրում է ամերիկյան պարբերականը՝ հիշեցնելով, որ Իբադօղլուի շուրջ դրամատիկ իրադարձությունները ծավալվեցին այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները նրան հուլիսի վերջին մեղադրեցին կեղծված ամերիկյան դոլարներ իրացնելու մեջ։
«Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի կալանավորման իրական պատճառն, ըստ ամենայնի, կապված է հունիսին տեղի ունեցած մի իրադարձությունների հետ։ Իբադօղլուն մասնակցել էր Մեծ Բրիտանիայում գործող «Ադրբեջանի երիտասարդական կրթական հիմնադրամի» ստեղծմանը, որի նպատակը նոր սերնդի ադրբեջանցի մասնագետների պատրաստումն է։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այդ կառույցը պետք է ֆինանսավորվի նվիրատվությունների միջոցով, սակայն իրենք ձգտելու են, որ ֆինանսավորման ևս մեկ աղբյուրը դառնան այն միջոցները, որոնք ադրբեջանցի կոռումպացված չինովնիկները դուրս են հանել երկրի սահմաններից և պահ տվել Մեծ Բրիտանիայում», - գրում է Washington Post-ը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի իշխող վերնախավը արտերկրում տարատեսակ կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավվման հարուստ փորձ ունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Իբադօղլուին«2012-ից 2014 թվականներին իշխող վերնախավի անդամները [արտերկրում ձևավորված] գաղտնի ֆոնդերն օգտագործում էին եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ ապրանքներ գնելու և փողերի լվացման համար՝ մի սխեմա, որն ի վերջո ստացավ «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը», - գրում է պարբերականը՝ կոչ անելով պաշտոնական Վաշինգտոնին և ամերիկյան քաղաքական շրջանակներին լուրջ քաղաքական ճնշում գործադրել Բաքվի վրա Իբադօղլուին ազատ արձակելու համար։
Washington Post-ի խմբագրակազմի համոզմամբ՝ Բաքվի հանդեպ ամերիկյան ճնշումը պետք է համադրվի Ղարաբաղի ապաշրջափակմանն ուղղված ջանքերի հետ։
«Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում Իլհամ Ալիևի նկատմամբ՝ պահանջելով թուլացնել հումանիտար ճգնաժամի պատճառ դարձած Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ադրբեջանի հետ ցանկացած շփում այս ճգնաժամի վերաբերյալ պետք է ներառի նաև Գուբադ Իբադօղլուի խնդրի արծարծումը», - պնդում է Washington Post-ը։
Առաջինն, ով հետևեց հեղինակավոր պարբերականի կոչին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, Նյու-Ջերսիից ընտրված կոնգրեսական Քրիս Սմիթն էր։ Երեկ իր կայքում հրապարակված հայտարարության մեջ նա Ադրբեջանի նախագահից պահանջում էր ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր գործչին՝ նշելով, որ մի շարք լուրջ հիվանդություններով, այդ թվում՝ շաքարախտով, տառապող Իբադօղլուին բանտում պատշաճ օգնություն չի ցուցաբերվում, նրան նույնիսկ խմելու համար պիտանի ջուր չի տրամադրվում։
«Եթե Իբադօղլուն մահանա անարդարացի կալանավորման ընթացքում կամ բանտում նրա առողջությանը անդառնալի վնաս հասցվի, ապա նախագահ Ալիևն է, որ կրելու է դրա ողջ պատասխանատվությունը», - նշված է ամերիկացի կոնգրեսականի հայտարարության մեջ։
Առկա են նաև ադրբեջանական իշխանությունների վրա ներքին ճնշման որոշակի նշույլներ
Այս օրերին առկա են նաև ադրբեջանական իշխանությունների վրա ներքին ճնշման որոշակի նշույլներ։ Նախօրեին, օրինակ, հայտնի դարձավ, որ ադրբեջանական մտավորականության ավելի քան 150 ներկայացուցիչներ հանդես են եկել բաց նամակով՝ կոչ անելով իշխանություններին ազատ արձակել Իբադօղլուին։ Նամակի հեղինակները հատուկ ընդգծում էին, որ ընդդիմադիր գործչի մոտ լուրջ առողջական խնդիրներ են ծագել։
«Կալանավորման երկու շաբաթների ընթացքում Իբադօղլուն 9 կիլոգրամ քաշ է կորցրել», - պնդում են ուղերձի տակ ստորագրած մտավորականները։
Չնայած այս կոչերին ու պահանջներին՝ ադրբեջանական իշխանությունները նահանջելու մտադրություն չունեն։ Դրա ամենավառ վկայությունը դարձավ Բաքվի վերաքննիչ դատարանի երեկ կայացրած վճիռը, որով դատական այս ատյանը մերժեց Իբադօղլուի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դրան զուգահեռ այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական ուժային կառույցները շարունակում են այս գործում նոր կասկածյալներ ներգրավել՝ այդ թվում՝ թուրքական հատուկ ծառայությունների օգնությամբ։
«Թուրան» գործակալությանը հայտնի է դարձել, որ նախօրեին Ստամբուլի իր բնակարանում ձերբակալվել և Բաքու է տեղափոխվել ադրբեջանցի ևս մեկ տնտեսագետ՝ Ֆազիլ Ղասիմովը։ Ինչպես և նրա ավագ գործընկերոջ դեպքում, այս պարագայում ևս Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ քարոզիչ, Թուրքիայի նախագահ Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մասին պնդումներ են հնչում։
Ադրբեջանցի իրավապաշտպաններից և ընդդիմադիրներից շատերը կարծում են, որ այս գործողություններով ադրբեջանցի ուժայինները փորձում են տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների տարածքներում երկար տարիների ադրբեջանցի գյուլենականների ցանց է գործել, որի գլխավոր խնդիրը եղել է պայքարը Իլհամ Ալիևի իշխանության դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում պնդում են գյուլենական ցանցի բացահայտման մասին