11-օրյա լիակատար արգելափակումից հետո՝ այսօր 11 բուժառուներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ: տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
«Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում», - հայտնում է գերատեսչությունը:
Օրվա ընթացքում, ըստ հաղորդագրության, նախատեսվում է ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են Հայաստան բուժում ստանալու համար։
«Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում», - նշված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ոչ մի ուղիով ի վիճակի չէ օգնություն հասցնել Արցախ Ադրբեջանական ՀԿ-ները Կարմիր խաչին առաջարկել են ԼՂ մարդասիրական բեռներ հասցնել Աղդամով