Գերիների նոր փոխանակում Կիևի և Մոսկվայի միջև

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիների հերթական փոխանակումն են իրականացրել, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։

Պաշտոնյայի խոսքով՝ փոխանակման արդյունքում ռուսական գերությունից հայրենիք է վերադարձվել 22 ուկրաինացի զինվորական, այդ թվում՝ երկու սպա։

«Նրանցից ամենատարեցը 54, իսկ ամենաերիտասարդը 23 տարեկան է», - նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ Տելեգրամում գերությունից ազատված ուկրաինացի զինվորականներին պատկերող կարճ տեսանյութ հրապարակելով։

Ռուսական կողմն առայժմ այս տեղեկությունը չի մեկնաբանում, հայտնի չէ նաև թե հատկապես որ երկրում և որ պետության միջնորդությամբ է իրականացվել գերիների փոխանակումը։