Կրեմլը առայժմ չի հաստատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին տեղեկությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդելով Պուտին-Էրդողան այսօր կայացած հեռախոսազրույցի մանրամասները, միայն նշում է, որ «կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները առաջիկա հանդիպման համատեքստում»։
Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների նախագահների հեռախոսազրույցի մեծ մասը նվիրված է եղել Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի արտահանման համաձայնագրերի ճակատագրին։
«Ընդգծվել է, որ «հացահատիկային գործարքի» ռուսական հատվածի կյանքի կոչման ուղղությամբ առաջընթացի բացակայությունը դրա հերթական երկարաձգումը իմաստազուրկ էր դարձնում», - նշված է Կրեմլի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ։
Պուտինի Անկարա կատարելիք այցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին այսօր տեղեկացրել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմը։