Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ, հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան՝ ԿԽՄԿ-ի ուղկեցությամբ, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։
Ո՛չ Խաչատրյանի հարազատները, ո՛չ էլ ԿԽՄԿ
ներկայացուցիչները կամ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։ Նրա ճակատագիրն այս պահի դրությամբ անհայտ է», - Թվիթերում գրել է նա։
Արցախի պետնախարարն ավելի վաղ փոխանցել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել Արցախի 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Մարդու իրավունքների պաշտպանը պնդել էր, որ նա առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Նույն երթով Հայաստան տեղափոխվող անձինք Գորիսից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։