Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվել ձգտող Դոնալդ Թրամփը նոր մեղադրանքների է բախվում․ կառավարական գաղտնի փաստաթղթերի պահման գործը քննող դատախազները նախկին նախագահին վերագրվող նոր հանցավոր դրվագներ են հայտնաբերել: Թրամփն այժմ նաև արդարադատությանը խոչընդոտելու մեջ է մեղադրվում։
Բացի այդ՝ հայտնվել է նոր ամբաստանյալ՝ Թրամփի առանձնատան աշխատողներից մեկը՝ Կարլոս դե Օլիվեյրան․ վերջինս նախկինում հարցաքննվել էր նույն գործով և իրավապահներին հավաստիացրել, թե « ոչինչ չի տեսել, ոչինչ չգիտի»։ Դատախազները մինչդեռ պնդում են, որ նա ստել է, ձեռք բերված ապացույցներով Թրամփը հենց Օլիվեյրային է հրահանգել ոչնչացնել նկուղում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունը․ ըստ քննիչների՝ կառավարական գաղտնի փաստաթղթերը հենց այդ նկուղում էին պահվում։
Թրամփին առաջադրված մյուս մեղադրանքը վերաբերում է մի դրվագի, որի համաձայն Սպիտակ տան նախկին ղեկավարը հույժ գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ, որում նկարագրված են «Ա երկրի» վրա հարձակվելու պլանները կենսագիրների հետ է քննարկել։ CNN-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ կարծում են, որ կողմնակի անձանց և Թրամփի միջև քննարկված այդ փաստաթուղթն Իրանի մասին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփին մեղադրանքներ են առաջադրվելԹրամփի վարչակազմի փաստաթղթերը համարվում են կառավարության սեփականությունը, ամերիկյան օրենսդրության համաձայն, պաշտոնաթողությունից հետո նախագահը պարտավոր էր դրանք արխիվ հանձնել։ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը ոչ միայն դրանք չի վերադարձրել, այլև, ինչպես իրավապահներն են պնդում՝ վերադարձնելու պահանջից հետո էլ փորձել է թաքցնել դրանք։
Ինքը՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը, որը կրկին պայքարում է այդ պաշտոնի համար և համարվում է հանրապետականների առաջատար թեկնածուն, կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը, մասնավորապես պնդում, որ իր նախագահության շրջանի փաստաթղթերը պահելով որևէ օրենք չի խախտել։ Ինչպես այս, այնպես էլ իր դեմ ընթացող մյուս իրավական գործընթացները հանրապետական գործիչը քաղաքական պատվեր է համարվում, որի նպատակը, նրա խոսքերով, նախագահական ընտրություններից առաջ իրեն հնարավորինս մեծ վնաս հասցնելն է:
«Ինձ սպառնալ 400 տարվա բանտով իմ նախագահական փաստաթղթերը պահելու համար, ինչն արել են բոլոր նախագահները, դա ամենասարսափելի և արատավոր երևույթն է, որը երբևէ եղել է Ամերիկայի արդարադատության պատմության ընթացքում», - հայտարարում էր ԱՄՆ նախկին նախագահը։
Այսօր՝ հերթական մեղադրանքներին բախվելուց հետո նահանգների բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարող Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել նախընտրական արշավը՝ նույնիսկ մեղադրական վճռի դեպքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը պատրաստվում է առաջադրվել 2024-ի նախագահական ընտրություններում«Ոչ, իհարկե, ոչ», - արձագանքել է նա՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք մեղադրական վճիռը կարող է փոխել իր քաղաքական պլանները։
Թրամփի նախընտրական շտաբն արդեն արձագանքել է նոր մեղադրանքին՝ այդ գործով հատուկ դատախազ Ջեք Սմիթին անվանելով «խելացնոր»։
Պաշտոնավարման օրոք երկու անգամ իմփիչմենթի ենթարկված Դոնալդ Թրամփը, որն այդպես էլ մեղավոր չի ճանաչվել ԱՄՆ սենատի կողմից, դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որին պաշտոնապես քրեական մեղադրանք է առաջադրվել։
Պաշտոնաթողությունից անմիջապես հետո միլիարդատեր քաղաքական գործչին տարատեսակ իրավախախտումներ են վերագրվում: Ապրիլին Նյու Յորքի դատարանը նրան մեղադրանք է առաջադրել ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսին իր հետ ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմաց տասնյակ հազարավոր դոլարներ վճարելու գործով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը ձերբակալվել էՔննությունը պնդում է, որ Թրամփն այդ գումարները վերցրել է նախընտրական հիմնադրամի բյուջեից՝ որպես իրավաբանական ծառայության դիմաց վճար։ Ամերիկյան մամուլի տվյալներով վճռական փուլ է մտնում նաև 2020 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների գործը։
Հիշեցնենք՝ 2021 հունվարի 6-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Դոնալդ Թրամփի հրավիրած հանրահավաքի ավարտից հետո, նրա հազարավոր կողմնակիցներ երթով շարժվել էին դեպի Կապիտոլիում՝ գրոհելով օրենսդիր մարմնի շենքը և խափանելով նիստը, որի ընթացքում պետք է պաշտոնապես հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն է իր գործողություններով նպաստել այդ արյունալի անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել։