Ռուս զբոսաշրջիկներով նավը ցույցերի պատճառով լքել է Բաթումին

Վրաստան - Բողոքի ցույցը Բաթումիի նավահանգստում, 27-ը հուլիսի, 2023թ.

Երեկ առավոտյան Սոչիից Բաթումի ժամանած Astoria Grande նավը՝ ռուս զբոսաշրջիկներով, լքել է նավահանգիստը. անձնակազմը ստիպված է եղել այդ քայլին դիմել բողոքի ակցիաների պատճառով:

Բողոքի ցույցեր են անցկացվել Թբիլիսիի կենտրոնում և Բաթումիի նավահանգստում։ Դրանք սկսվել են, երբ ռուս զբոսաշրջիկները վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հայտարարել են, որ իրենք սատարում են Ռուսաստանի գործողություններին Վրաստանի դեմ 2008 թվականի պատերազմում: Մասնավորապես, մեկնաբանություններից մեկում հնչել է «Ռուսաստանի Դաշնությունն ազատագրել է Աբխազիան վրացիներից» արտահայտությունը, մեկ այլ զբոսաշրջիկ ասել է, թե այցելել է Աբխազիա։

Թբիլիսիում բողոքի ակցիան տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Մի քանի քաղաքացիական ակտիվիստներ այնտեղ այրել են Ռուսաստանի դրոշը։ Բաթումիի հանրահավաքի ժամանակ մասնակիցները պարզել են պաստառներ՝ «Ռուսաստանը մեզ զրկում է մեր հայրենիքից, կյանքից ու ապագայից», «Ո՛չ ռուսաֆիկացման քաղաքականությանը», «Վրաստանի իշխանությունը չի կարողանա վրաց ժողովրդին ռուս դարձնել» գրություններով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս զբոսաշրջիկներով կրուիզ նավը խարիսխ է ձգել Բաթումիի նավահանգստում