Այսօր Բրյուսելում տեղ է ունենում ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը։ Չնայած այս խորհրդի առաջին հանդիպումն անցկացվել էր Վիլնյուսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին, բայց այն ավելի շուտ խորհրդանշական բնույթ ուներ, գործնական առումով այսօրվա հանդիպումը լրատվամիջոցները ներկայացնում են որպես առաջին նիստ։
Այս խորհուրդը ստեղծելու որոշումը ընդունվել է Վիլնյսում հուլիսի 11-12-ը անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Հյուսիսատլանտյան դաշինքը Ուկրաինայի ապագա անդամակցության որևէ ժամկետներ չընդունեց, բայց որոշեց ստեղծել այդ խորհուրդը, որը Կիևին հնարավորություն է տալիս մոտենալ դաշինքին։
Այսօրվա նիստում, որն անցկացվում է դեսպանների մակարդակով, քննարկվում են Սև ծովի անվտանգության և Ուկրաինայի նավահանգիստների պաշտպանության հարցերը։ Սև ծովի անվտանգային իրավիճակը սրվեց, երբ հուլիսի 17-ին Ռուսաստանը հրաժարվեց երկարաձգել հացահատիկի արտահանման գործարքը ու նույն օրվա գիշերվանից սկսած ամբողջ շաբաթվա ընթացքում հրթիռակոծեց ուկրաինական նավահանգիստները բեռնատար տերմինալներին պատճառելով տասնյակ միլիոնավոր դոլարների վնասներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հացահատիկի գործարքից դուրս գալու հաջորդ օրն իսկ Ռուսաստանը ռմբակոծեց ուկրաինական նավահանգիստներըԲրիտանական ռազմական հետախուզության հուլիսի 26-ի զեկույցում նշված է, որ հացահատիկի գործարքի ավարտից հետո ռուսական նավատորմը տեղակայման դիրքային փոփոխություններ է կատարել, ենթադրաբար, Ուկրաինային ծովով շրջափակելու նպատակով։ Սև ծովի հարավային հատվածում ռուսական ռազմանավերի քանակը ավելացվել է Օդեսա-Բոսֆոր ուղին վերահսկողության տակ պահելու համար։
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ «Առաջին հերթին մենք խոսեցինք մեր հարավային շրջանները, մասնավորապես, Օդեսան պաշտպանելու, մարդկանց նորմալ կյանքի ու մեր նավահանգիստների աշխատանքի մասին։ Ռիշին և ես քննարկեցինք հակաօդային պաշտպանության միջոցների քանակի հարցերը։ Բրիտանիան կարող է առաջատար դառնալ, որի հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությունը իրական անվտանգություն կերաշխավորի», - ասել է Զելենսկին։
ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը օնլայն բրիֆինգում լրագրողներին այսօրվա նիստի մասին ասել է, թե դիտարկվում է դաշինքի մի շարք անդամների կողմից հավելյալ քայլերի հնարավորությունը աջակցելու Ուկրաինայից պարենամթերքի արտահանմանը։
«Մենք կլսենք ուկրաինացիներին, նրանց ընթացիկ գնահատականը, թե ինչպես են մտադիր շարունակելու հացահատիկի արտահանումը այդ գործաքրից Ռուսաստանի դուրս գալուց հետո։ Ցանկանում ենք լսել անդամ երկրներին, մասնավորապես Սև ծովի տարածաշրջանում դաշնակից երկրներին, թե ինչ է հնարավոր ձեռնարկել ընդլայնելու Ուկրաինայի ջանքերի աջակցությունը»,- ասել է նա, միաժամանակ նշելով, որ պաշտպանում են հացահատիկի գործարքը վերականգնելու Թուրքիայի ջանքերը։
Սերգեյ Շոյգուն այցելել է Հյուսիսային Կորեա
Ուկրաինային սատարում է Արևմուտքը, իսկ Ռուսաստանի ագրեսիան պաշտպանում են աշխարհի ամենաավտորիտար երկրները: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Հյուսիսային Կորեա։ Փհենյանում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպմանը Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը։
«Կորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը Ռուսաստանի կարևոր գործընկերն է», - ասել նա։
Փհենյան է այցել նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության պոլիտբյուրոյի անդամ Լի Հունչժուն։ Նա և Շոյգուն, նրանց գլխավորած պատվիրակությունները մասնակցում են կորեական պատերազմի «հաղթանակի օրվա» 70-ամյակի միջոցառումներին, որը նշում է Փհենյանը։
Ինչ վերաբերում է պատերազմական գործողություններին, ապա ռուսական կողմը հաղորդում է, որ հետ են մղել ուկրաինական բանակի մի շարք գրոհներ Դոնեցկի, Կրասնի Լիմանի, Զապորոժիեի, Կուպյանսկի ու Խերսոնի ուղղություններում։
Ուկրաինայի արևելյան ուժերի խոսնակ գնդապետ Սերգեյ Չերևատին երեկ ասել է, որ Բախմուտի ուղղությամբ սկսել են կասետային ռումբեր կիրառել, որ ստացել են Միացյալ Նահանգներից։ Ուկրաինական գրոհային ջոկատը այսօր տեսանյութ է հրապարակել, պնդելով որ գտնվում են Բախմուտին մոտ դիրքերում։
Ավելի քան հազար կիլոմետր ձգվող ռազմաճակատային գծի հարավում և հարավ արևելքում ուկրաինական ուժերի ակտիվություն է նկատվում, իսկ Խարկովից արևելք ռուսական ուժերն են փորձում հարձակման անցնել։
Կողմերը հաղորդում են նաև միմյանց ռազմական տեխնիկա, հրամանատարական կետ, անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու մասին, սակայն մարտական գործողությունների ընթացքում անկախ աղբյուրներից թվային տվյալների արժանահավատությունը հնարավոր չէ ճշտել։