Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն այսօր Փարիզում ասել է, որ Ռուսաստանի և Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեները 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիադայի հրավեր չեն ստանա:
Այսօր՝ ամառային խաղերից մեկ տարի առաջ, ՄՕԿ-ը պետք է պաշտոնական հրավերներ ուղարկի մոլորակի 203 ազգային կոմիտեներին:
«Ինձ համար մեծ պատիվ է աշխարհի մարզիկներին հրավիրել այստեղ՝ Փարիզ, Ֆրանսիա, և «Citius, Altius, Fortius!», «Արա՛գ, բա՛րձր, ուժե՛ղ» օլիմպիական նշանաբանի ներքո տոնել մարզական նվաճումները»,- հայտարարել է Բախը:
Նա ասել է, որ այսօր անձամբ հրավերներ կփոխանցի 9-ն ազգային օլիմպիական կոմիտեներին և փախստականների հավաքականին:
1924 թվականին Փարիզում տեղի են ունեցել արդիական պատմության առաջին ամառային օլիմպիական խաղերը: Թոմաս Բախն իր ուղերձում խոսել է այդ մասին:
«Օլիմպիադայի հիմնարար գաղափարը խաղաղ մրցակցությունն է: Երեք հազար տարի առաջ հունական քաղաքակրթությունն այդ նվերն է մատուցել մարդկությանը: Դրանից հետո Պյեռ դը Կուբերտենը հիմնել է ՄՕԿ-ը և վերականգնել է Օլիմպիական խաղերը՝ դրանց ներկայիս տեսքով: Փարիզն այդ խաղերի հայրենիքն է: 2024 թվականին մենք նշելու ենք օլիմպաիդայի պատմության նոր փուլը: Այդ խաղերը կլինեն ավելի ներառական, երիտասարդական, քաղաքային և կայուն»,- ասել է Բախը:
ՄՕԿ-ի գործադիր հանձնաժողովն այս տարվա մարտին առաջարկել է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ տալ միայն չեզոք դրոշի ներքո մասնակցել օլիմպիադային, ընդ որում այդ որոշումը կայացնել միայն այն մարզիկների նկատմամբ, ովքեր հրապարակավ չեն աջակցել Ուկրաինայի վրա հարձակմանը և կապ չունեն այդ երկրների զինված ուժերի կամ հատուկ ծառայությունների հետ:
Ենթադրվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների վերաբերյալ որոշումը կընդունվի սեպտեմբերից ոչ շուտ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ հարյուրավոր մարզիկներ փոխում են մարզական քաղաքացիությունը