Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, 2023 թվականին նախատեսվում է երեք երկրների ղեկավարների գագաթնաժողով։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանության մեջ՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Ռուսական կողմն առաջարկել է նաև խորհրդարանականների միջոցով եռակողմ երկխոսություն սկսել։
Արտգործնախարար Լավրովի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։
Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի- ՌԴ ԱԳՆ) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները», հավելել է Լավրովը։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ Բաքուն և Երևանը «փոխադարձ հիմունքներով պատրաստ են» երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման համար։
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների, ավելի վաղ ընդունելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ հայտարարել էր նախարար Լավրովը։ Փաստաթղթերի բովանդակության մասին նա որևէ բան չէր ասել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում. Լավրով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները