Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ԿԽՄԿ-ի հայտարարությունը՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Գերատեսչությունը նշել է, թե ի գիտություն է ընդունել այդ հայտարարությունը՝ միաժամանակ պնդելով, որ հայկական կողմը կտրականապես մերժում է ադրբեջանական կողմի օգնության առաջարկը:
Հիշեցնելով հունիսի 15-ին Լաչինի միջանցքի անցակետում տեղի ունեցած զինված միջադեպն ու միջազգային մարդասիրական կազմակերպությանն ուղղված՝ «մաքսանենգ իրեր տեղափոխելու» մեղադրանքը, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է․ «Հայաստանի կողմից անօրինական գործողությունների փորձերը կանխելուն զուգընթաց, ադրբեջանական կողմը շարունակել է կարևոր համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ»։
Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանը առաջարկել է նաև Աղդամով դեղորայք և բեռներ փոխադրել, սակայն «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։
ԿԽՄԿ-ը այսօր հայտարարել է, որ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: Միջազգային կառույցը փաստել է՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։
Բաքուն ի պատասխան ԿԽՄԿ-ին հորդորել է «զերծ մնալ այդ մանդատի քաղաքական նպատակների չարաշահումից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ոչ մի ուղիով ի վիճակի չէ օգնություն հասցնել Արցախ