Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոն հայտարարել է, որ վագներականները «ցանկանում են էքսկուրսիայի գնալ Վարշավա»

Հուլիսի 23-ին Կոնստանտինովսկու պալատում կայացած բանակցություններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ձախողման մասին, իսկ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ վագներցիները «ցանկանում են էքսկուրսիայի գնալ Վարշավա»։

Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Ստրելնեում, ենթադրվում էր, որ նրանք կքննարկեն ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցությունը։

Բանակցություններից հրապարկված տեսանյութերի համաձայն՝ հանդիպման սկզբում Լուկաշենկոն ասել է, որ «[ուկրաինական բանակի] հակահարձակում չկա»։

«Դա կա, բայց ձախողվեց»,- պատասխանել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լուկաշենկոն, իր հերթին, ասել է, որ ինքը սկսել է «լարվել» Բելառուսում տեղակայված «Վագներ» ռազմական խմբավորման մարտիկների պատճառով, քանի որ վարձկանները ցանկանում են «էքսկուրսիայի գնալ Վարշավա»։

«Գուցե ես չպետք է ասեի, բայց կասեմ: Վագներականները սկսել են լարել մեզ: [Ասում են] «Մենք ուզում ենք գնալ Արևմուտք: Ասում եմ՝ ինչի՞ն է պետք գնալ Արևմուտք», Թե՝ «Դե, գնանք էքսկուրսիայի Վարշավա»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում բելառուսական Belta-ն։

«Ես նրանց պահում եմ Բելառուսի կենտրոնում, ինչպես պայմանավորվել ենք, չէի ցանկանա նրանց տեղափոխել այնտեղ, քանի որ նրանց տրամադրվածությունները վատն են», - ասել է նա:

Belta-ն գրում է, որ Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանը քարտեզ է բերել, որտեղ իբր պատկերված է լեհական զորքերի տեղափոխումը Միութենական պետության սահմաններ։

Վերջին անգամ Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են հունիսի 9-ին Սոչիում։