«Ուզում եմ հավատանք մեր ուժերին և իմանանք, որ փայլուն արվեստ ենք ստեղծում». Նարինե Գրիգորյան

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան, արխիվ

Ամառային այս շոգ օրերին աստիճանաբար իրենց գործունեությունը դադարեցնում են նաև մշակութային հաստատությունները՝ բացի թանգարաններից: Արվեստի գործիչները ևս հանգստանալու կարիք ունեն, և դա սովորաբար անում են ամռան վերջին ամսին: Նվագախմբերը, թատերախմբերը սովորաբար այդ ամսին դադարեցնում են իրենց գործունեությունը՝ նախապատրաստվելով հատուկ թատերաշրջանին կամ համերգաշրջանին, որը կբացվի արդեն աշնանը:

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր. - «Մենք դեռ հուլիսի մինչև վերջին օրերը խաղալու ենք: Տեսնում ենք, որ արդեն ուրիշ թատրոններ դադարեցնում են խաղացանկերը, որովհետև արդեն հոսքն է հանդիսատեսի քիչ, և մարդիկ չեն ուզում գալ փակ տարածք: Բայց սա երևի եզակի տարին է, որ մենք էլ կգնանք հանգստի օգոստոսին, միայն մի փոքր խումբ կմնա աշխատելու՝ Իլյա Մաշիցկին է բեմադրիչ, որը Ռուսաստանից է եկել և մեզ մոտ արդեն բեմադրել է «Երեք գույն. ծիրանագույն» ներկայացումը, հիմա Փարաջանովին նվիրված ներկայացում է անում՝ կոչվում է «Մոռանալ», դա քո-փրոդաքշըն է իր խմբի՝ ռուսական խմբի և մեր Համազգային թատրոնի դերասանների»:

Նարինե Գրիգորյանը հաճախ է թատրոն հրավիրում տարբեր ռեժիսորների՝ այս կամ այն բեմադրությունը իրականացնելու համար: Համոզված է, որ այսպիսով թատրոնը չի կաղապարվում մեկ բեմադրիչի կամ ռեժիսորի կողմից՝ տարբեր բեմադրիչներ թատրոնին տարբեր թատերական գույներ ու երանգներ, նաև, իհարկե, ասելիք են բերում, և ինքը երբեք չի վերահսկում նրանց ստեղծագործական աշխատանքը:

«Ստեղծագործողին պիտի հարգես, անգամ եթե սխալներ ունի, ինքը պիտի իր սխալների պատասխանը ստանա: Սովետական մոդել կար, չէ՞, որ գեղարվեստական ղեկավարը միշտ խառնվում էր, փոխում էր ներկայացումը, կամ թույլ չէին տալիս, որ ներկայացումը դուրս գար: Ես այդ ամենը բռնություն եմ համարում ստեղծագործողի հանդեպ, և եթե մարդուն վստահել ես, ուրեմն՝ պիտի մինչև վերջ ճանապարհը տաս», - ասաց Համազգայինի գեղարվեստական ղեկավարը:

«Մի խոսքով, արդեն սեպտեմբերին, երբ բացենք թատերաշրջանը, կլինի Փարաջանովի 100-ամյակին նվիրված այդ ներկայացումը, և կսկսվեն Բուլգակովի «Շան սրտի» փորձերը՝ դա Տաթևիկ Մելքոնյանն է մեզ մոտ անելու, մենք քաղաքապետարանից ստացել ենք գումար. գիտեք, քաղաքապետարանը այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանը տրվելիք գումարը բաժանել է տասը ներկայացումների միջև, և գումար մենք ենք ստացել նաև, ու սեպտեմբերին արդեն կսկսվեն փորձերը: Անկեղծ ասած՝ շատ-շատ եմ սիրում և՛ այդ ստեղծագործությունը, և՛ վստահ եմ, որ շան դերակատարման մեջ Գագիկը Մադոյան փայլուն կլինի», - նշեց Գրիգորյանը:

Աշնանը Համազգայինի թատերախումբը մի քանի փառատոների կմասնակցի, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարն այսօր արդեն մեկնում է Փարիզ՝ մեկ ամսով, մասնակցելու Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի ավարտական նկարահանումներին: Ֆիլմում Նարինե Գրիգորյանը կերտում է Ազնավուրի մոր դերը տարբեր տարիքներում:

«Արդեն խաղացել եմ հասուն տարիքը մամայի, և չորս տարիք կա՝ այն ժամանակվանից է սկսվում, երբ Ազնավուրը 9 տարեկան է, այսինքն՝ մայրը և հայրը երիտասարդ են, մինչև ալ-Համրայի համերգը, և այլն... Ֆիլմի մեսիջը այդ մասին է՝ ուր էինք, ուր հասանք, ինչպես էմիգրանտի աղքատ ընտանիքը և այդ ընտանիքում երեխան, որ հազիվ են օրվա հաց գտնում, ինչպես է դարձել այդ երկրի սիմվոլը՝ այդ մասին է», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Շատ գեղեցիկ է սցենարը, ու շատ գեղեցիկ մարդիկ են աշխատում, շատ, փայլուն, ուղղակի հիանում եմ ամեն անգամ իրենց հետ աշխատելիս: Ֆրանսիացիներ են, սա ֆրանսիական ֆիլմ է, և իրենք պատրաստվում են Ազնավուրի 100-ամյակին, ու արդեն 2024 թվականին պիտի լինի ֆիլմը, պրոդյուսերը հենց Կատի Ազնավուրի ամուսինն է, և նրանք ներկա են լինում միշտ նկարահանումներին՝ և՛ տղան Ազնավուրի, և՛ դուստրը»:

Մինչ Փարիզ մեկնելը, Նարինե Գրիգորյանը Հայաստանում ևս զբաղված է նկարահանումներով, և «Ազատության» հետ զրույցի ընթացքում ուշագրավ համեմատական եզրահանգումներ էր անում:

«Հիմա նկարահանվում եմ Մարտին Մաթևոսյանի «Յանա» ֆիլմում՝ եռերգություն է ուզում անել, արդեն «Ժաննա»-ն նկարել է, կա «Յանա» և կա «Մայա», և պատրաստվում է տանել Վենետիկի կինոփառատոն: Շատ պատրաստված երիտասարդ է և շատ-շատ նվիրված: Երբ ասում են՝ ո՞նց էր Ֆրանսիայում նկարահանումները, շատ, շատ լավ էր, պրոֆեսիոնալ էր, բայց մերոնք էլ պակասը չեն: Ուզում եմ իսկապես մերոնք վստահ լինեն, որ շատ լավ են աշխատում, շատ նվիրյալ են: Ամեն ինչն էլ լավ ենք անում, կարող է լավ չենք շուկա տանում, լավ չենք ներկայացնում, գուցե այդտեղ բաց ունենք: Բացեր ունենք, բայց ուզում եմ հավատանք մեր ուժերին և իմանանք, որ մենք փայլուն արվեստ ենք ստեղծում, մենք տաղանդավոր ազգ ենք, և դեռ շատ լավ օրեր են լինելու Հայաստանում և Արցախում», - ընդգծեց Համազգայինի գեղարվեստական ղեկավարը: