Մատչելիության հղումներ

Համազգային թատրոնի նոր ղեկավարությունը փորձելու է «տեմպը չթուլացնել և եռանդը կրկնապատկել»


Դեռ անցյալ տարեվերջին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան․ թատերախումբն ընդվզեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի դեմ, և մոտ մեկամսյա բողոքներից հետո Վիգեն Չալդրանյանն ի վերջո հեռացավ թատրոնից:

Համազգայինի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, նրա հրամանով էլ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Նարինե Գրիգորյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համազգային թատրոնի ղեկավարները ներկայացրին թատրոնում իրականացված աշխատանքը այն պահից ի վեր, երբ իրենք ստանձնեցին թատրոնի ղեկավարությունը՝ խոսելով նաև առաջիկա ծրագրերի մասին:

Անցյալ տարվա դեկտեմբերի 19-ից Համազգայինը 3 նոր ներկայացում է բեմադրել: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նաև շեշտեց․ - «Մենք հասցրեցինք հյուրախաղերով լինել Լիբանանում, Մոսկվայում, Յարոսլավլում: Նաև «Թատրոն՝ միասնության տարածություն» խորագիրը կրող փառատոնով լինել Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում: Այս տարվա մեջ՝ մինչև սեպտեմբեր ունենք երկու փառատոն: Մեկը Մոսկվայում՝ «Վերածնունդ» փառատոնը, մյուսը Լիտվայում»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը շարունակեց․ - «Իրականում գլխավոր նպատակն է, որ մեր թատրոնը դառնա աշխարհի հետաքրքիր թատրոններից մեկը: Ոչ թե պարզապես նստենք Հայաստանում ու ասենք՝ լինենք ամենալավ թատրոնը: Ամեն թատրոն իր յուրահատկությունն ունի, բայց պիտի լինել աշխարհի թատերական մթնոլորտի կիզակետում, և արդեն ինչ-որ երկրներում գիտեն մեր մասին, արդեն խոսում են, սպասում են մեզ»:

Արման Նավասարդյան․ - «Փորձելու ենք որակի հաշվին չանել ոչինչ, տեմպը չթուլացնել և եռանդը կրկնապատկել: Տեսնենք ինչ կստացվի: Համենայն դեպս, ես խորապես համոզված եմ, որ թատրոնը այն վայրն է, որտեղ անդադար ստեղծագործական աշխատանք է պետք անել: Անդադար ստեղծագործական եփման խլրտոցներ են պետք թատրոնում»:

Առհասարակ Համազգային թատրոնի ղեկավարների համոզմամբ, միայն հետևյալ կերպ է հնարավոր ժամանակակից թատրոն ունենալ․ - «Ստեղծագործական բռնկումներ, ստեղծագործական պոռթկումներ, նոր մտքերի, նոր գաղափարների բախումներ և այլն, և այլն: Միայն այս դեպքում կարող է թատրոնը առաջ գնալ: Հակառակ դեպքում կդառնա լճացած, մոխրագույն և իր դիմագիծը չունեցող սովորական մշակութային օջախ» (Արման Նավասարդյան):

Նարինե Գրիգորյան․ - «Ի վերջո, մենք փոքր քաղաք ենք, չի կարելի շարունակ մի ներկայացումը 15 տարի խաղալ: Պետք է անընդհատ թարմ լինել, որպեսզի հանդիսատեսն էլ իմանա, որ կարող է եկող ամսում նոր բան տեսնել»:

Գրիգորյանի խոսքով՝ այն, ինչ ունես տեսլականում, կարող ես իրականացնել՝ եթե անկեղծ ցանկություն ունես այն իրականացնելու․ - «Կուզեմ, որ միշտ թատրոնը կենդալի, միշտ թարմ լինի, միշտ, եթե ինձնից ավելի լավ մտածող գա, ինքը լինի»:

Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ թատրոնի շենքի շինարարությունն ինտենսիվորեն առաջ է գնում․ - «Մենք 20 թվականին կունենանք: Բայց կարևոր մի բան կա, որ ես ուզում եմ հիմա բարձրաձայնել: Կառուցապատողը հոգում է բոլոր ծախսերը՝ բացառությամբ մասնագիտական կարիքների: Ասել է թե՝ ձայն, լույս, բեմի հարդարանք: Այդ սպեցիֆիկ սպառազինումը նա չի հոգում, և պետք է դրանով զբաղվել: Ես շատ ակտիվորեն փորձում եմ հովանավորներ գտնել»:

Առաջիկա օրերին Համազգայինը կհյուրընկալի Բեյրութի Համազգային թատրոնի իրենց գործընկերներին, ովքեր հյուրախաղերով հանդես կգան Գյումրիիում և Վանաձորում: Իսկ հյուրախաղերը կեզրափակեն մայրաքաղաքի Համազգային թատրոնում:

Մինչ այդ Համազգայինի թատերախումբը վաղը հյուրախաղերով մեկնում է Գյումրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG