Հայ-իրանական ընդգրկուն օրակարգին առնչվող մի շարք հարցեր են քննարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Երևանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն արձանագրել են դինամիկ զարգացող հայ-իրանական քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության խորացման և իրականացման փուլում գտնվող ու նախանշված ծրագրերի կյանքի կոչման աշխատանքներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորման շուրջ վերջին քննարկումներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Երկուստեք շեշտվել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցումը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել նախարարին։ Միրզոյանը շնորհավորել է Սոբհանիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման հարցում:
Իրանցի դիվանագետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել առավելագույն ջանքերը երկու երկրների՝ պատմական և քաղաքակրթական հիմքերի վրա անխափան կերպով ընթացող հարաբերությունների առավել խթանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումՀայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ